10/11/2009 15:26
Սարգիս Հովսեփյանը ևս մեկ մրցաշրջան կանցկացնի «Փյունիկում»
Երևանի «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանն այս տարի չի ավարտի ֆուտբոլիստի կարիերան: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց հենց ինքը` ֆուտբոլիստը: Նա նշեց, որ Հայաստանի առաջնությունում հաղթանակները փյունիկցիների համար սովորական երևույթ են դարձել, և ինքը ձգտում է հաջողութան հասնել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Բնական է, որ այսպիսի մոտիվացիան պետք է կրկին նրան առաջնորդի խաղադաշտ, և մենք ուրախությամբ ենք փաստում այդ, քանի որ փորձառու պաշտպանն այսօր էլ խաղում է երիտասարդական ավյունով և շատ է օգնում իր թիմակիցներին:
«Հաղթանակները «Փյունիկի» համար սովորական բան են դարձել: Եթե ուրիշների համար երկրորդ կամ երրորդ տեղը հաջողություն է համարվում, մենք միայն առաջին տեղի ենք ձգտում, և դա ձևավորված հոգեբանություն է մեզ համար: Այժմ իմ խնդիրը հավաքականում և Չեմպիոնների լիգայում լուրջ արդյունքների հասնելն է»,- նշեց ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյանի պրոֆեսիոնալիզմի մասին բարձր կարծիք ունի նաև «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: «Ես շատ եմ ուզում, որ Սարգիսը ևս մեկ տարի խաղա մեր թիմում: Զարմացած եմ, թե ինչպիսի նվիրումով է նա խաղում ու մարզվում: Հիմա էլ ֆուտբոլ խաղալու մեծ ծարավ ունի: Երբեք չեմ տեսել, որ թեկուզ մեկ անգամ 99 տոկոսով մարզվի: Այսպիսի ֆուտբոլիստներն անկրկնելի օրինակներ են իրենց երիտասարդ թիմակիցների համար»,- ասաց Վարդան Մինասյանը: