10/11/2009 14:45
Արա Նռանյան. «Կառավարությունը ձգձգում է ժամանակը»
«Ամենավատն այն է, որ մենք այս ճգնաժամի արդյունքում ստացած հարվածները և խնդիրները չենք լուծում, և Կառավարությունը ձգձգում է ժամանակը` մինչև ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամի հետևանքները որոշ չափով թուլանան, զարգացող երկրներում տնտեական աճ ապահովվի, ինչն էլ իր դրական ազդեցությունը կթողնի Հայաստանի տնտեսության վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ-ում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչ Արա Նռանյանը:
Ա. Նռանյանը նախ նշեց, որ Կառավարությունը պետական բյուջեն մշակել է 2009 թ-ի փաստացի տվյալների հիման վրա, և ՀՀ օրենսդրության համաձայն, եթե պետական բյուջեն չհաստատվի, ապա գործում է նախորդ տարվա պետական բյուջեն` նույն համամասնություններով: Միևնույն ժամանակ նա հիշեցրեց, որ այս տարի «մենք ունենք ավելի բացասական ցուցանիշներ, քան 2008 թ-ին»:
Ա. Նռանյանի կարծիքով Կառավարությունը «նախքան դրսից դրամական օժանդակություն ստանալը, բարձրաձայնում էր այն խնդիրների մասին, որոնք առկա են Հայաստանի տնտեսության մեջ», սակայն, արտաքին միջոցներ ստանալուց հետո, Կառավարությունը նորից փոխեց դիրքորոշումը, և եթե մինչ այդ «կային խնդիրների մասին հայտարարություններ, ու չկային գործողություններ` դրանք լուծելու ուղղությամբ, ապա այսօր չկան նույնիսկ հայտարարությունները»:
«Փաստորեն, Կառավարությունը 2009 թ-ը փակում է արտաքին միջոցների հաշվին և 2010 թ-ի հույսը նույնպես դնում է արտերկրից եկող արտոնյալ վարկերի վրա»,- ընդգծեց Ա. Նռանյանը:
ՀՅԴ ներկայացուցիչը տեղեկացրեց նաև, որ բյուջեի վերաբերյալ ՀՅԴ-ն հանդես կգա որոշակի առաջարկություններով, որոնք կվերաբերեն հստակ խնդիրների: Նա նշեց, որ կպատրաստվի նաև մեկ այլ` հայեցակարգային բնույթի փաստաթուղթ, որում կներկայացվեն խմբակցության մոտեցումները` ներկա վիճակի, 2010 թ-ի պետական բյուջեի և հիմնախնդիրների վերաբերյալ խմբակցության կողմից առաջարկվող քաղաքականության մասին: