10/11/2009 15:44
Բուժանձնակազմի միջին աշխատավարձի չափը պահպանվելու է
Այսօր ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպեց լրագրողներին: Նախարարը ներկայացրեց 2010թ.-ի պետբյուջեով նախատեսված առողջապահության ոլորտի հատկացումները:
Նշենք, որ 2010թ.-ի պետբյուջեով առողջապահության բնագավառին տրամադրվել է շուրջ 55 մլրդ դրամ, որը գրեթե նույնքան է, որքան 2009թ.-ին:
Հ. Քուշկյանը նշեց, որ 2009 թ.-ի բյուջեով առողջապահության բնագավառում առաջնային բուժօգնությունը համարվում է գերակա, և հատկացումների 30 տոկոսը կամ 21 մլրդ դրամը նախատեսված է ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի համար:
«Ընդհանուր առմամբ մեկ շնչի հաշվով հատկացումները կկազմեն 17.100 դրամ: Հատուկ ուշադրություն է դարձվելու մարզային, գյուղական մակարդակում առողջության առաջնային պահպանման գործընթացին», - նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է բուժանձնակազմի աշխատավարձերին ընդհանրապես, ապա նախարարը նշեց, որ պահպանվելու է բուժանձնակազմի միջին աշխատավարձի չափը, բժիշկների աշխատավարձը` 77. 000 դրամ, միջին բուժանձնակազմի աշխատավարձը` 49. 3 հազար դրամ:
Հարություն Քուշկյանը անդրադրաձավ նաև առողջապահության ոլորտին հատկացված պետբյուջեի միջոցներով անվճար դեղորայքի տրամադրմանը և ընդգծեց, որ 220.000 մարդ կապահովվի 350 անուն դեղով:
«Կենտորնացված կարգով ձեռք բերվող դեղերով կապահովվի հատուկ հիվանդություններով տառապող մոտ 150.000 մարդ, այն է` հակադիաբետիկ, հոգեմետ, հակաուռուցքային դեղորայք. այս ամենի համար բյուջեից կկատարվի մոտ 4 մլրդ դրամի ծախս, ինչը 600 մլն դրամով ավելի է այս տարվանից»,- տեղեկացրեց առողջապահության նախարարը: