10/11/2009 14:23
ՀԱԿ-ը մշակում է հակաճգնաժամային համալիր միջոցառումների ծրագիր
«Հայ Ազգային Կոնգրեսը մեծ ուշադրություն է դարձնում ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական և սոցիալական հարցերին»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` ներկայացնելով ՀԱԿ-ի կարծիքը Հայաստանի ներկա տնտեսական վիճակի ու դեռևս քննարկման փուլում գտնվող բյուջեի վերաբերյալ:
Բանախոսը նշեց, որ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում արձանագրվել է ավելի քան 18 % տնտեսական անկում այն դեպքում, որ որևէ այլ երկրի համար նման ցուցանիշ չի գրանցվել:
«Հայաստանն այսօր ռեկորդակիր է տնտեսական անկման ցուցանիշներով: Սա պահանջում է բացատրություն», - ասաց ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչը` մեղադրելով իշխանություններին մի քանի ներմուծող օլիգարխներին արտոնություններով օժտելու մեջ:
Ըստ ՀԱԿ համակարգողի, Հայաստանի տնտեսությունն այսօր մեծապես կախվածության մեջ է գտնվում տրանսֆերտներից, այն դեպքում, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքով դրանց մուտքը երկիր կրճատվել է:
«40-50%-ով դրանց անկման դեպքում Հայաստանի տնտեսությունը կոլափսի առջև կհայտնիվի»,- կարծիք հայտնեց Լ.Զուրաբյանը, նշելով, որ տվյալ իրավիճակում նպատակահարմար է, որ իշխանությունները գների իջեցում ձեռնարկեն, քանի որ հակառակ դեպքում բնակչությունը կկորցնի նույնիսկ կոմունալ ծախսերի մուծման հնարավորությունը:
«Այս պարագայում իշխանություններին կամ կմնա պարտադրանքով դրանք հավաքագրել, կամ էլ, ինչն անհավանական է, դրանք անվճար մատուցել», - գտնում է բանախոսը:
Ըստ Լ.Զուրաբյանի կանխատեսումների` սոցիալական իրավիճակը երկրում առավել կծանրանա արդեն ձմռանը:
Բանախոսը նաև հայտնեց, որ կոնգրեսում մշակում են հակաճգնաժամային համալիր միջոցառումների մի ծրագիր, «որը շատ շուտով կներկայացվի հանրության ուշադրությանը»: