10/11/2009 13:49
Ադրբեջանում կարող է փակվել նաև «Սորոսի հիմնադրամը»
ԱՄՆ Հանրապետականների միջազգային ինստիտուտի և «Ընտրական համակարգերի գծով միջազգային հիմնադրամի» Բաքվի գրասենյակների գործունեությունը դադարեցնելու մասին տեղեկություններից հետո Ադրբեջանում լուրեր են տարածվել, որ մոտ ժամանակներս նույն ճակատագրին կարժանանա նաև «Սորոսի հիմնադրամը»: Այս մասին հայտնում է «Բիզիմ յոլ» թերթը` նշելով, որ շուտով պաշտոնական հայտարարություն կարվի հիմնադրամի` ֆինանսական խնդիրների պատճառներով փակվելու մասին:
Թերթը գրում է, որ իրենց չի հաջողվել այդ մասին տեղեկություն ստանալ հիմնադրամի Բաքվի գրասենյակի գործադիր տնօրեն Ֆերդա Ասդովլայից:
Ֆոնդի դիտորդական խորհրդի նախագահ, քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հայտարարել է, որ «նման տեղեկություն ինքը չունի»:
«Ադրբեջանում հիմնադրամի 2010 թ. գործունեության ծրագիրը Նյու Յորք է ուղարկվել ամռանը, որը հավանության է արժանացել: Մենք սպասում ենք, որ եկող տարվա ֆինանսավորման մասին տեղեկությունը, ինչպես ընդունված է, կստանանք հունվարին»,- ասել է նա:
Զարդուշտ Ալիզադեն հավելել է, որ նոյեմբերի 20-25-ին Ֆերդա Ասդովլայի հետ «պետք է մեկնեն ԱՄՆ` մասնակցելու անձամբ Սորոսի կողմից անցկացվող ամենամյա հավաքին»: