10/11/2009 16:35
Վ. Խաչատրյան. «Չկան հիմնավորումներ»
Հայաստանի իշխանությունները հասարակությանը գոյություն չունեցող բյուջե են ներկայացնում: Այդ տեսակետն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
«Ինչ անուն էլ դնենք, կարելի է ասել, բայց որպես բյուջե՝ ոչ»,- ասաց բանախոսը` նշելով, որ բյուջեի նախագծում չկան շատ կարևոր մի շարք հիմնավորումներ:
«Օրինակ, չկան հիմնավորումներ, թե ինչպես են Հայաստանը դարձնելու տուրիզմի, իսկ Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն, Գյումրին՝ տեխնոպարկ»,- նշեց նա:
Ըստ բանախոսի, որոշ հիմնավորում առկա է միայն երկու նախագծերի վերաբերյալ, որոնց ապագան նա ևս անիրատեսական է համարում: Դա Հայաստան-Պարսկաստան երկաթգիծն ու Հյուսիս-Հարավ մայրուղին են:
«Հայաստան-Պարսկաստան երկաթգիծը, ցավոք սրտի, իրականություն չի կարող դառնալ և' քաղաքական, և' տնտեսական դրդապատճառներով: Իսկ Հյուսիս-Հարավ ճանապարհային ուղու հետ կապված ևս կասկած ունեմ, որ կարող է իրականություն չդառնալ, քանի որ այստեղ արդեն աշխարհագրական պայմանները թույլ չեն տա ներդրումներ կատարել, որ այն իրականություն դառնա»,- նշեց Վահագն Խաչատրյանը` հավելելով, որ Հայաստանի տնտեսության փրկությունը կարող է այս երկու ծրագրերի մեջ լինել:
Վերոհիշյալ նախագծերի իրականացման հետ կապված իր կասկածները հիմնավորելով` բանախոսը նկատեց, որ արդեն մի քանի տարի խոսվում է Մեղրիում հայ-իրանական ՀԷԿ-երի համատեղ կառուցման մասին, սակայն մինչ օրս ոչ մի էլեկտրակայան չի կառուցվել: