12/11/2009 16:30
Ինտերպոլը թվեր է ներկայացնում
Անցած ժամանակահատվածում ԱԿԲ-ի օպերատիվ գործունեության արդյունավետությունը տպավորիչ է: Բյուրոյի գործունեության ծավալը տարեցտարի աճում է` միջին հաշվով կազմելով 12-14 հազար տեղեկատվական միավոր փաստաթղթեր, հաղորդագրություններ, հարցումներ, ինչպես նաև` շուրջ 40 հազար տեղեկատվական միավոր, որոնք պահանջում են մշակում և ուսումնասիրություն:
Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը` հավելելով նաև, որ ԱԿԲ-ն կապեր ունի կազմակերպության անդամ 188 երկրների հետ, սակայն առավել ակտիվ համագործակցում է եվրոպական տարածաշրջանի երկրների հետ, այդ թվում` Ռուսաստանի, Լեհաստանի, Գերմանիայի, Շվեդիայի, Թուրքիայի, ինչպես նաև` ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Իրանի և այլ երկրների հետ:
«Բյուրոյի համար առաջնահերթ խնդիր է աջակցությունը ոստիկանության և այլ իրավապահ մարմիններին` հանցագործների և անհայտ կորածների հետախուզման, ինչպես նաև` անձանց նույնացման աշխատանքների բնագավառում: Ինտերպոլի անդամ երկրներում 2008 թ.-ի ընթացքում հաջողվել է պարզել 95 հետախուզվողների գտնվելու վայրը»,- ներկայացրեց Եզիազարյանը:
Ընդ որում, 2009 թ.-ի 9 ամիսների ընթացքում 81 հետախուզվող է հայտնաբերվել, որոնցից 70-ը ձերբակալվել են, 15-ը` ենթարկվել էքստրադիցիայի:
Այսօրվա դրությամբ, Եղիազարյանի տեղեկացմամբ, միջազգային հետախուզական աշխատանքներ են իրականացվում 256 անձանց նկատմամբ, որոնցից առավել նշանակալի գործերով անցնող 12 հետախուզվողների տվյալները զետեղված են կազմակերպության կայքում:
Միջազգային մակարդակով հետախուզվում է 18 անհայտ կորած անձ, հայտնաբերվել են 5-ը, նույնացման նկատառումներով ներկայացվել է 10 չճանաչված դիակ, 1-ը` նույնացվել է:
«Ավտոտրանսպորտային միջոցների ապօրինի շրջանառության դեմ ծավալվող պայքարի շրջանակներում 2004 թ.-ի մարտ ամսից սկսած ստուգման են ենթարկվում ՀՀ ներմուծվող բոլոր ավտոտրանսպորտային միջոցները: Արդյունքում` հայտնաբերվել է 19` այլ երկրներից գողացված ավտոտրանսպորտային միջոց, որոնք Հայաստան են ներմուծվում, հիմնականում, եվրոպական երկրներից` Վրաստանի տարածքով: Սկսած 1996 թ-ից` հայտնաբերվել է օտարերկրյա պետություններում առևանգված և ՀՀ ներկրված 499 ավտոտրանսպորտային միջոցներ, ինչպես նաև` հայտնաբերվել են Հայաստանում գողացված 2 ավտոտրանսպորտային միջոցներ»,- ասաց ԱԿԲ-ի պետը:
Վարդան Եղիազարյանի խոսքերով, ԱԿԲ-ի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ Գլխավոր քարտուղարության կողմից հրատարակվող գողացված մշակութային արժեքների վերաբերյալ հատուկ սկավառակի վրա զետեղված են ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 43 առարկաներ, որոնցից հայտնաբերվել և օրինական տերերին են վերադարձվել միջազգային հետախուզման մեջ գտնվող 2 մշակութային արժեքներ: