13/11/2009 13:07
Հայաստանի գործարարների բիզնես-պլանավորման ծրագրերը շատ նեղ են
«Հայաստանի գործարարները շատ նեղ բիզնես-պլանավորման ծրագրեր ունեն: Նրանք չեն նախատեսում, թե ինչ են անելու ապագայում: Եվրամիության հետ առևտրի և համագործակցության ավելի բարձր մակարդակ դուրս գալու համար պետք է իմանալ հնարավորությունները, որպեսզի դրանք կիրառվեն բիզնես-պլանավորման նոր ցիկլում», - այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքացիական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) ղեկավար Ալեքսեյ Սեկարևը:
Ա. Սեկարևի խոսքով, Հայաստանի գործարարները պետք է իմանան, թե Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրամիության հետ ի՞նչ ռեժիմներ են գործում, ԵՄ կողմից ստեղծված ինչպիսի՞ գործիքներ կան, որպեսզի արտահանեն իրենց արտադրանքը եվրոպական շուկա:
«Կան շատ պահանջներ` տեխնիկական չափանիշների, ռեժիմի և այլ գործոնների վերաբերյալ: Սեմինարի ընթացքում գործարարներին կներկայացնենք թե կարճաժամկետ տարբերակները, և թե` երկարաժամեկտ», - նշեց Սեկարևը:
AEPLAC ղեկավարը հայտնեց, որ կան նաև թեմատիկորեն նոր ուղղություններ, օրինակ ինովացիան, կամ այնպիսի արտադրանք, որը չի պահանջում տրանսպորատային մեծ ծախսեր, որպեսզի դուրս գա շուկա:
«Այս ամենն արդեն գոյություն ունի Եվրամիությունում և տարածվում է այն երկրների վրա, որոնք հանդիսանում են ԵՄ անդամության թեկնածուներ: Այս գործիքներից որոշները տարածվում են Հայաստանի վրա, որը մասնակից է դեպի այդ ազատ առևտրի գոտի շարժվող Արևելյան համագործակցությանը, և այդ գործիքները կարող են օգտագործվել հայ գործարարների կողմից», - ասաց Ա. Սեկարևը: