13/11/2009 10:28
Շուտով շահագործման կհանձնվի Ամբերդ-1 ՓՀԷԿ-ը
Արագածոտնի մարզում Օրգով համայնքի հարևանությամբ Ամպուր և Ամբերդ գետերի վրա կառուցվում է փոքր հիդրոէլեկտրակայանների կասկադ: Շուտով շահագործման կհանձնվի Ամբերդ-1-ը, ապա` երկրորդը և երրորդը: Ծրագիրն իրականացնում են «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ն և գերմանական EnBW Trading GmbH ընկերությունը:
Ինչպես Aysor-ին հայտնեցին «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ից, Ամբերդ ՓՀԷԿ-1-ը նախատեսվում էր շահագործման հանձնել 2009 թ-ի ապրիլին, Ամբերդ-2-ը` օգոստոսին, իսկ Ամբերդ-3-ը` 2010 թ-ի ապրիլին, սակայն ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ՓՀԷԿ-երի կառուցման աշխատանքները քիչ ետ են ընկել:
Ծրագրի ընդհանուր դրվածքային հզորությունը 11.54 մՎտ է, էլէներգիայի տարեկան գումարային արտադրությունը` 29680 մՎտ.ժ: Ծրագիրը բաղկացած է փոքր ՀԷԿ-երի երեք աստիճանից: Առաջին կայանի հզորությունը 2.4 մՎտ է, երկրորդինը` 4.27 մՎտ, երրորդինը` 4.87 մՎտ: Ծրագրի իրականացման արդյունքում արտադրած էլեկտրաէներգիան վաճառվելու է Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ին:
Նշենք, որ ծրագրի հեղինակները նամակով դիմել էին ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին, որում հավաստվում են, որ նախագիծն իրականացվում է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում, և խնդրվում է հաստատել փաստաթուղթը:
Նախագծի հեղինակներն հավաստում են, որ Ամբերդ ՓՀԷԿ-երի շահագործումը չի ազդի գետերի ջրի որակի և մոտակա շրջաններում ապրող մարդկանց կյանքի որակի վրա: