13/11/2009 14:05
Ամփոփվեցին խաղաղ հավաքների մոնիթորինգի արդյունքերը
«Խաղաղ հավաքների ազատության մոնիթորինգ Հայաստանում» թեմայով զեկույցն արդեն պատրաստ է: Զեկույցի ղեկավար Ավետիք Իշխանյանն այսօր տեղեկացրեց, որ զեկույցն արտացոլում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից 2008թ.-ի սեպտեմբերի 26-ից 2009-ի հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված` Հայաստանում հավաքների մոնիթորինգի արդյունքերը:
Այն կատարվել է «Հանրահավաքների ազատության մոնիթորինգի ոլորտում իրավապաշտպանների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ:
Ա.Իշխանյանի խոսքով, ծրագրի նպատակն է աջակցել իրավապաշտպաններին` կատարելագործելու իրենց գիտելիքները իրավապաշտպանության, մոնիթորինգների անցկացման վերաբերյալ:
«Ծրագիրը լայն առումով նպատակ է հետապնդում երկխոսություն վարել իշխանությունների հետ տեղական և ազգային մակարդակներում` հավաքների ազատության ավելի կայուն երաշխքիներ ապահովելու համար»,- ասաց Ա. Իշխանյանը:
Ծրագրի շրջանակում մոնիթորինգ են իրականացրել Հայաստանում մի շարք ՀԿ-ների 23 անդամներ և ներկայացուցիչներ: Բոլոր դիտորդները մասնկացել են հատուկ վերապատրաստման դասընթացների, որոնք վարել են հավաքների ոլորտում Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ Նիլ Ջարմանը, Ջեյմս Սվինին, Օսկար Ալարկոն, Վարդան Պողոսյանը, ինչպես նաև Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: