13/11/2009 11:35
«Հատիսը» Եվրագավաթի մրցաշարում մեկնարկեց պարտությամբ
Հայաստանի նորաստեղծ կանանց բասկետբոլի «Հատիս» թիմն առաջին հանդիպումն անցկացրեց Հունաստանում` Եվրագավաթի խաղարկության մրցաշարում մրցակցելով տեղի «Աթինաիկոս» թիմի հետ: Մինչև մրցավայր մեկնելը «Հատիսի» գլխավոր մարզիչ Գեորգի Ղազանչյանը հայտարարել էր, որ առայժմ չի կարող խոսել, թե ինչի է ունակ «Հատիսը» եվրոպական մրցասպարեզում, բայց նաև ավելացրել էր, որ հունական թիմը մեր խմբում ուժեղագույնն է և զգալիորեն գերազանցում է ռուսաստանյան «Չևակատային» ու թուրքական «Բեշիկթաշին»:
Ինչպես ցույց տվեց հանդիպումը, Գեորգի Ղազանչյանը մրցակցին ճիշտ էր գնահատել: «Հատիսը», որը դեռ խաղային կապերի փնտրտուքի մեջ է և խնդիրներ ունի պաշտպանությունում, չկարողացավ դիմադրել մրցակցին և պարտվեց 54:105 (12:26, 13:28, 17:18, 12:33) հաշվով:
Ավելացնենք, որ նոյեմբերի 19-ին Երևանի «Միկա» մարզադահլիճում «Հատիսը» կհյուրընկալի «Չևակատային»: Հանդիպումը կսկսվի ժամը 18:00-ին: