13/11/2009 16:00
Հայ ձեռնարկատերերն «Արմպրոդէքսպո-2009» ցուցահանդեսից գոհ են
Նոյեմբերի 10-ից 13-ը Երևանում անցնում էր «Արմպրոդէքսպո» իններորդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում էին սննդի արդյունաբերությամբ զբաղվող տեղական և օտարերկրյա շուրջ 65 ձեռնարկություններ:
Аysor.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ցուցահանդեսի մասնակիցներից շատերը գոհունակություն հայտնեցին միջոցառումից, ընդգծելով, որ այն նոր գործարքների հնարավորություն է ընձեռում, ինչպես նաև առավել հստակեցնում գործարար շփումները և ներկայացվածությունը, առավել ճանաչելի դարձնում շուկայում:
Նշենք, որ «Արմպրոդէքսպո-2009» -ին ներկայացված էին հայաստանյան և արցախյան ինչպես խոշոր, այնպես էլ միջին և փոքր բիզնեսի ձեռնարկությունները:
«Սարի թեյ» բուսական թեյերի արտադրող, ապրանքանիշի հիմնադիր Գևորգ Աբրահամյանը կարևորեց այն փաստը, որ նման ցուցահանդեսները փոքր բիզնեսի ներկայացուցիչներին հնարավորություն են տալիս ներկայացնելու իրենց ապրանքանիշը խոշորի հետ հավասար:
«Մեզ համար նման ցուցահանդեսներն անփոխարինելի են»,- ասաց նա, նշելով, որ մինչ այդ չէր սպասում ցուցահանդեսի արդյունքում ձեռք բերված հաջողությունները:
«Մենք ստացել ենք մի քանի արտահանման, համատեղ աշխատելու առաջարկներ»,-հայտնեց «Սարի թեյ» ապրանքանիշի հիմնադիրը: