13/11/2009 12:33
Մ. Թումասյան. «Մեր նպատակը ԵՄ հետ առևտրային ինտեգրացիան է»
Այսօր հայ բիզնես համայնքի համար տեղի ունեցավ «Եվրամիության հետ առաջարկվող առևտրային շրջանակը» խորագրով սեմինար, որը կազմակերպել էին Քաղաքացիական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ԵՄ խորհրդատվական խումբը:
Սեմինարի նպատակն էր իրազեկել Հայաստանի բիզնես համայնքին նոր առևտրային հնարավորությունների վերաբերյալ, որոնք պայմանավորված են Արևելյան գործընկերություն նախաձեռնության և, մասնավորապես, ԵՄ հետ ապագայում հնարավոր խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայանգրով առաջարկվող շրջանակով:
ՀՀ էկոնոմիակայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը նշեց, որ Հայաստանի ներկայիս արտահանման մակարդակը բավարար չէ: Մեր երկրի համար նա եվրոպական շուկան կարևորեց ոչ միայն բուն ապրանքների արտահանման տեսանկյունից, այլ նաև գիտելիքի և փորձի ձեռքբերման առումով:
«Մեր քաղաքականության հիմնական նպատակը Եվրամիության հետ առևտրային ինտեգրացիան է, որի ճանապարհը, փաստորեն, անցնում է ազատ առևտրի բանակցություններով, որն էլ ենթադրում է մի շարք ռեֆորմներ տարբեր ոլորտներում: Մենք այդ գործընթացն արդեն սկսել ենք», - ասաց Մ. Թումասյանը:
Փոխնախարարը կարևորեց մի քանի գործոններ` մրցունակ և բարձր արտադրողական ապրանքներ արտադրելու համար գիտելիքներ, շուկայի իմացություն, բանակցելու կարողություններ և այլն: Ըստ Մ. Թումասյանի, փորձը ցույց է տալիս, որ մեր գործարարները բավարար չափով տեղեկացված չեն առևտրի կազմակերպման, վաճառքի, գործող առևտրային ռեժիմների վերաբերյալ:
Նշենք, որ 2009 թ-ին մեկնարկած Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ն գործընկեր երկրների թե բիզնես ընկերություններին, և թե քաղաքացիներին ընձեռում է նոր հնարավորություններ և հավելյալ արտոնություններ:
Սեմինարը փորձ է լրացնելու հայաստանյան բիզնես համայնքի շրջանակում առկա տեղեկատվության պակասը` կապված ԵՄ հետ առաջարկվող առևտրային շրջանակի մարտահրավերների և հնարավորությունների հետ: Այն նաև կծառայի որպես հարթակ` ապահովելով ՀՀ կառավարության և բիզնես համայնքի, ներառյալ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների միջև շփումը:
Սեմինարին մասնակցում էին բիզնես համայնքի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Արդյունաբերողների և գործարարների միության, Արտահանողների միության և այլ միությունների ներկայացուցիչներ: