14/11/2009 10:56
Ադրբեջանը գազ կմատակարարի Բուլղարիային
Բուլղարիան և Ադրբեջանը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել` Կասպից ծովի տարածաշրջանից ադրբեջանական գազի մատակարարումների վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրվել է Սոֆիայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցելության ժամանակ,- հաղորդում է ՌոսԲիզնեսԿոնսալտինգը:
Ստորագրված հուշագիրը նախատեսում է ավելի քան 1 մլրդ խմ «կապույտ վառելիքի» մատակարարում Բուլղարիա` սկսած 2011 կամ 2012 թթ-ից:
Ինչպես հայտնել է Բուլղարիայի էներգետիկայի նախարար Տրայչո Տրայկովը, ադրբեջանական գազը Բուլղարիա կփոխադրվի Թուրքիա-Հունաստան-Իտալիա խողովակաշարի ապագա ճյուղավորումով:
Նշենք, որ Բուլղարիան մյուս եվրոպական երկրներից առավել շատ էր տուժել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հունվարյան «գազային հակամարտության» պատճառով: Այդ կապակցությամբ Սոֆիան ակտիվորեն ուղիներ է փնտրում արտաքին մատակարարների դիվերսիֆիկացման համար: