16/11/2009 16:20
Վաղը կմեկնարկի գոլբոլի առաջին առաջնությունը
Նոյեմբերի 17-ին Երևանի «Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի գոլբոլի ՀՀ առաջին առաջնությունը: Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ կազմակերպված այս մրցաշարին մասնակցելու է 6 թիմ` Երևանի «Նիկան», «Արծիվները», Գյումրիի «Շիրակը», Ստեփանակերտի «Փոթորիկը», Էջմիածնի «Կայծակը» և Աբովյանի «Առյուծները»:
Առաջնության բացման արարողությանը ներկա կլինեն և ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, Հայաստանում եվրոպական հանձնաժողովի պատվիրակության առաջին քարտուղար Ուֆֆե Հոլստ Յենսենը, ՀՍՀԱՖ-ի նախագահ Սամվել Ռոստոմյանը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր:
Ավելացնենք, որ գոլբոլի Հայաստանի առաջնության աջակիցներն են Եվրոպական միությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, «Promo Lend»-ը և «Union» ՍՊԸ-ն: Մրցաշարի ինֆորմացիոն հովանավորներն են aysor.am և panorama.am տեղեկատվական կայքերը: