16/11/2009 12:25
Վրաստանը որոշել է բացել Վերին Լարսի անցակետը
Ուրբաթ օրը Վրաստանի Անվտանգության խորհուրդը հատուկ խորհրդակցություն էր գումարել` քննարկելու ՌԴ-ի հետ սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետի բացման հարցը:
Ինչպես գրում է «Կոմերսանտ» պարբերականը, խորհրդակցությանը ներկա է գտնվել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ով երեք կարևոր փաստարկ է նշել` անցակետի բացման օգտին:
Այսպես, ըստ Սահակաշվիլու, անցակետի բացումը կբարձրացնի Վրաստանի որոշ շրջանների բնակչության եկամուտները, քանի որ նրանք հիմնականում գումար էին վաստակում ճանապարհային առևտրի և անցնող մեքենաներին սպասարկելու շնորհիվ: Երկրորդ հերթին, ըստ Վրաստանի նախագահի, Վրաստանը չպետք է կորցնի տարանցիկ երկիր լինելու իր կարգավիճակը և նշանակությունը տարածաշրջանի երկրների համար:
«Եվ ամենակարևորը` մեր երկիրը հնարավորություն է ստանում այդ ճանապարհով իրականացնել նաև մեր բեռերի տարանցումը` Ռուսաստանով դեպի երրորդ երկրներ», - ասել է Վրաստանի նախագահը:
Քննարկումների արդյունքում վրաստանյան իշխանությունները որոշում են կայացրել բացել անցակետը: