16/11/2009 15:07
Ա.Հարությունյան. «Շուկան պահանջում է անորակ գինի արտադրել»
«Այս տարի գինու ծավալները աճել են` 50 տոկոս առաջին կիսամյակի տվյալներով և 15-20 տոկոս` առաջին կիսամյակից հետո»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը և շեշտեց, որ ամեն տարի Հայաստանում գինու գործարանների թիվը 3-4-ով ավելանում է:
Անդրադառնալով այս տարվա խաղողի մթերման ցավոտ կողմին` խաղողի գներին, Ա. Հարությունյանը նշեց, որ այս տարի խաղող մթերվել է ամենացածրը` 85 դրամով, առավելագույնը` 180 դրամով:
Բանախոսը նշեց, որ 180 դրամով մթերվել է 1. 700 տոննա խաղող, 60.000 տոննա մթերվել է 130 դրամով և 70. 000 տոննա մթերվել է 85-ից 95 դրամով:
«Մեկ կիլոգրամ խաղողի ինքնարժեքը 80 դրամ է, երբ վաճառում էին 140 դրամով ունեին 60 դրամ եկամուտ, բայց այս տարի ճգնաժամ էր, և եկամուտ չունեցան»,- նշեց նա:
Բանախոսը կարծիք հայտնեց, որ այս տարի հնարավոր էր օգնել խաղող մշակող գյուղացուն թե հարկերի թեթևացման, թե ջրի, թե պարարտանյութերի մատչելիության առումով, սակայն «գյուղացուն թողել էին մենակ, իսկ մեր գյուղացին դրան արժանի չէր»:
Հարցին, թե Հայաստանը որակյա՞լ, թե՞ անորակ գինի է արտադրում, Հայաստանի գինեգործների միության նախագահը խոստովանեց, որ անորակ գինի ենք արտադրում և ոչ թե չենք կարող որակյալ գինի արտադրել, այլ «շուկան պահանջում է անորակ գինի արտադրել»: