17/11/2009 13:28
ՏՄՊՊՀ. Պարենային ապրանքների թանկացումները կուսումնասիրվեն
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) լայն սպառման շուկաներում (բենզինի, դիզելային վառելիքի, բուսական յուղի, կարագի և շաքարավազի) իրականացնելու է կանխման և բացահայտման միջոցառումներ: Ինչպես այսօր նիստում նշեց ՏՄՊՊՀ նախագահ Դավիթ Հարությունյանը, մոնիթորինգի տվյալները ցույց են տվել, որ պարենային ապրանքային շուկայում վերջին 3-4 ամիսների ընթացքում որոշ թանկացումներ են եղել, սակայն, «բարեբախտաբար, վերջին 10 օրվա ընթացքում գները կայուն են, անգամ որոշ իջեցումներ կան»:
Դ. Հարությունյանի խոսքով, այն երկրներում, որտեղից ներկրում են այդ ապրանքները, նույնպես կան թանկացումներ` կապված միջազգային գների թանկացման հետ:
«Մենք խստացնում ենք մեր մոնիթորինգը և պարտավորեցնելու ենք այն սուբյեկտներին, որոնք ունեն մեծ տեսակարար կշիռ և կարող են շուկայում եղանակ ստեղծել, պարբերաբար տեղեկացնել ցանկացած գնի թանկացման վերաբերյալ, թե ինչն է դրա պատճառը, և չհիմնավորված թանկացումների դեպքում հանձնաժողովը կիրառելու է իրեն վերապահված իրավունքը»,- նշեց Դ. Հարությունյանը:
Նկատի ունենալով, որ յուրաքանչյուր տարի Ամանորին նախորդող ժամանակահատվածում արձանագրվում են լայն սպառման մի շարք ապրանքների իրացման գների բարձրացման միտումներ, ՏՄՊՊՀ-ն խիստ վերահսկողության տակ է առնում վերոնշյալ շուկաներում գործող տնտեսվարողների վարքագիծը:
ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց, որ մինչև տարեվերջ հանձնաժողվը դիտանցում է իրականացնելու բենզինի շուկայում գործող ներկրում իրականացնող բոլոր 7 ընկերությունների, դիզելային վառելիք ներկրող բոլոր 5 տնտեսվարողների, դեղերի շուկայում առնվազն 1 % բաժին ունեցող 19 սուբյեկտների, բուսական յուղի շուկայում առնվազն 1 % բաժին ունեցող 13, կարագի շուկայում` 16, շաքարավազի ներկրման ծավալով 96 % բաժին ունեցող տնտեսվարող սուբյեկտի, և հավի ձվի առնվազն 1 % բաժին ունեցող 6 տնտեսվարղների վերաբերյալ: