17/11/2009 10:52
Քննարկվել են պարենին և թունաքիմիկատներին առնչվող խնդիրներ
«Հայաստանում թունաքիմիկատների որակի վերահսկողության և դրանց մնացորդային քանակների նկատմամբ մոնիտորինգի աջակցության»` 2009թ. մեկնարկած ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, Երևանում կազմակերպել էր մեկօրյա խորհրդաժողով: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:
Պետական, մասնավոր և հասարակական հատվածների ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում թունաքիմիկատների որակի վերահսկողության և դրանց մնացորդային քանակների նկատմամբ մոնիտորինգի ներկայիս վիճակն ու հեռանկարները և քննության են առել այն քայլերը, որոնք կարող են հանգեցնել այս ոլորտում առկա խնդիրների կարգավորմանը և այդ հարցում ՄԱԿ-ի ՊԳԿ-ի օժանդակությունը:
Ծրագրի հիմնական նպատակներից է հնարավորություն ընձեռել Հայաստանին միջազգային չափորոշիչների համաձայն բարելավել թունաքիմիկատներիորակի վերահսկողությունը և իրականացնել թունաքիմիկատների մնացորդային քանակների մոնիտորինգի ծրագրեր` պարենային ապահովությունը մեծացնելու, գյուղատնտեսական արտադրանքի որակը բարելավելու և սննդի առևտրի ոլորտում նոր հնարավորություններից օգտվելու նպատակով:
Խորհրդաժողովի ժամանակ հնչեցրած իր ելույթում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Լևոն Ռուխկյանն ընդգծեց. «Կարծում եմ` ծրագիրը չափազանց կարևոր է մեր երկրի համար, և հուսով եմ` այս խորհրդաժողովը նշանակալից քայլ կհանդիսանա ծրագրի իրականացման ճանապարհին»:
Հունաստանի Հանրապետության դեսպան Յաննիս Կորինթիոսն իր ելույթի ընթացքում նշեց որ, որ գյուղատնտեսության ոլորտն իր երկրի կողմից զարգացման նպատակով ցուցաբերվող օգնության առաջնահերթություններից է և ներկայում Հունաստանը Հայաստանի Հանրապետությունում ՊԳԿ-ի միջոցով ֆինանսավորում է երկու ծրագիր` 3 600 000 դոլար ընդհանուր բյուջեով, ինչպես նաև երեք այլ ծրագրեր, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 1 400 000:
«Տեխնիկապես հագեցված լաբորատորիաների ստեղծումը տեղական պայմաններում բարդ խնդիր է, որի լուծման համար անհրաժեշտ են ոչ միայն համապատասխան տարածք և թանկարժեք սարքավորումներ, բայցև որակյալ անձնակազմ և պատշաճ գործառնական բյուջե` կայունություն ապահովելու նպատակով», - ասաց Կլաուս Ցիլլերը` ՄԱԿ ՊԳԿ Ավագ տեխնիկական խորհրդատուն:
Երկու միլիոն դոլար արժողությամբ եռամյա այս ծրագիրը ամբողջապես ֆինանսավորվում է Հունաստանի Հանրապետության կառավարության կողմից և իրականացվում ՄԱԿ ՊԳԿ-ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից: