18/11/2009 12:31
Գոլբոլի առաջնության խմբային փուլն ավարտվեց
Երևանում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության գոլբոլի առաջին առաջնությունը, որը կազմակերպել է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան: Սա կույր և տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց մարզաձև է և ընդգրկված է պարալիմպիկ խաղերի ծրագրում: Այս խաղի ընթացքում մարզիկների աչքերը կապվում են, որպեսզի բոլորի համար հավասար պայմաններ ստեղծվեն: Նպատակը հակառակորդի դարպասի գրավումն է` ներսում զանգ ունեցող գնդակի միջոցով: Դաշտն ունի 18 մետր երկարություն և 9 մետր լայնություն: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է երեք մարզիկներից, որոնցից յուրաքանչյուրը և հարձակվող է, և պաշտպան: Ի դեպ, գոլբոլի հիմնադիրներն են ավստրիացի Հանս Լորենցն ու գերմանացի Սեպ Ռայնդլեն:
Հայաստանի առաջնությանը մասնակցում է 6 թիմ` Երևանի «Նիկան» և «Արծիվները», Գյումրիի «Շիրակը», Ստեփանակերտի «Փոթորիկը», Էջմիածնի «Կայծակը» և Աբովյանի «Առյուծները»: Առաջին փուլում թիմերը բաժանվել էին ենթախմբերի: «Ա» խմբում ընդգրկված էին «Առյուծները», «Փոթորիկը» և «Նիկան», իսկ մյուս երեք թիմերը` «Բ» խմբում:
Առաջինը մրցասպարեզ մտան «Առյուծները» և «Փոթորիկը»: Ստեփանակերտցիներն արագ կարողացան հաղթահարել մեկնարկային որոշակի հուզմունքը և կենտրոնական խաղացողի ակտիվության շնորհիվ ոչ միայն հավասարեցրեցին հաշիվը, այլև երկար ժամանակ առջևում էին: «Առյուծները», սակայն, խաղի վերջնամասում հարմարվեցին «Փոթորկին» և, ի վերջո, հաղթանակ տոնեցին 17:14 հաշվով: «Առյուծները» 14:10 հաշվով առավելության հասան նաև «Նիկայի» նկատմամբ և, հռչակվելով խմբի հաղթող, մտան կիսաեզրափակիչ փուլ: Երկրորդ ուղեգրին տիրացավ «Նիկան», որին ծանր պայքարում հաջողվեց պարտության մատնել «Փոթորիկին»: Այս խաղում արձանագրվեց 11:10 արդյունք:
«Բ» խմբի առաջին խաղում Էջմիածնի «Կայծակը» 13:10 և 17:3 հաշիվներով պարտության մատնեց համապատասխանաբար «Արծիվներին» և «Շիրակին»: «Արծիվները», իրենց հերթին, 15:9 հաշվով առավելության հասան «Շիրակի» նկատմամբ և գրավեցին կիսաեզրափակչի ուղեգիր պարգևող երկրորդ տեղը:
Այսօր կայանալիք կիսաեզրափակչում կհանդիպեն «Առյուծներն» ու «Արծիվները», «Կայծակն» ու «Նիկան»: Զույգերի հաղթողները եզրափակչում կվիճարկեն Հայաստանի չեմպիոնի կոչումը, իսկ պարտվողները առերես խաղում կորոշեն երրորդ մրցանակակրին: