18/11/2009 17:16
Վերին Լարսի անցակետի բացման որոշում Վրաստանը չի կայացրել
Չնայած ռուսական և վրացական լրատվամիջոցների հաղորդագրություններին, Վրաստանի իշխանությունների կողմից Կազբեկի-Վերին Լարս անցակետի բացման վերաբերյալ որոշում չկա: Այդ մասին «Վզգլյադ» պարբերականին հայտնել է Վրաստանի կառավարության մի անդամ, որի անունը չի նշվում:
Նրա խոսքերով, ներկայում քննարկումներ ընթանում են միայն տեխնիկական մանրամասների շուրջ:
«Կողմերը միայն քննարկումների գործընթացի սկզբում են,-նկատել է նա:-Կբացենք, թե` ոչ, դա կախված է, թե ինչպես կպայմանավորվենք»:
Աղբյուրը հայտնել է, որ Վրաստանը այս հարցի շուրջ ուղիղ երկխոսություն չի տանում Ռուսաստանի հետ, այլ շփվում է Հայաստանի հետ, որն էլ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ:
Նա հայտնել է, որ անցակետի բացման մասին, որը երեք տարի առաջ փակվել էր Ռուսաստանի կողմից` վերակառուցման նպատակով, Վրաստանին առաջարկել է Հայաստանը: Այս անցակետով են փոխադրվում Հայաստանի բեռների 30%-ը:
Ռուսաստանը Վրաստանին առաջարկել է բացել անցակետը մի քանի ամիս առաջ: