19/11/2009 15:33
2010 թ-ի բյուջեի նախագծով նախատեսվում է կենսամակարդակի աճ
«Դուք ընդունու՞մ եք, որ նույնիսկ այս բյուջեի կատարման դեպքում մեր քաղաքացիները 2010 թ-ին ապրելու են ավելի վատ, և ծախսելու են ավելի քիչ գումար, քան ծախսել են 2008 թ-ին և 2009 թ-ին, հետևաբար, տնտեսական աճ և բնակչության կենսամակարդակի գոնե պահպանում այդ առումով չի լինի»,- ԱԺ այսօրվա նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին հարցրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը:
Տեղեկացնենք, որ այսօր ԱԺ նիստում շարունակվում է երեկ քննարկման ներկայացված 2010 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Նախօրեին բյուջետային քաղաքականությունը և առաջնահերթությունները խորհրդարանում ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, եկամուտների ձևավորման և բյուջեի ծախսային քաղաքականությունը` ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Ի պատասխան Նռանյանի հարցադրման` Տ. Դավթյանը հիշեցրեց, որ կենսամակարդակի ագրեգատ գնահատականը սովորաբար համախառն ներքին արդյունքի ծավալն է, և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն: Նա հայտնեց, որ 2010 թ-ի բյուջեի նախագծով նախատեսվում է ՀՆԱ-ի 1.2 տոկոս աճ, և նախատեսվում է կենսամակարդակի ընդհանուր աճ:
Ա. Նռանյանի այն հարցին, թե ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկել Կառավարությունը միայն տնտեսական ճգնաժամի առկայության պատճառով, որոնք չէր իրականացնի, եթե ճգնաժամը չլիներ, Տ. Դավթյանը հայնտեց, որ հակաճգնաժամային քայլերը մի քանի անգամ ներկայացվել են վարչապետի ելույթներում և հրատարակվել են ընդհանուր գրքույկով:
«Այս տարի արվեցին այն քայլերը, որոնք նորմալ տնտեսական զարգացման պարագայում հաճախ չեն արվում. այսինքն, պետությունն ավելի ակտիվ միջամտեց ռեալ տնտեսությունում, իրականացրեց անմիջական վարկավորում, պետական միջոցների տրամադրում և այլն»,- մանրամասնեց Տ. Դավթյանը և հավելեց. «Պետության ակտիվ միջամտությունը սովորական պայմաններում չպետք է այդ ծավալով լինի, և չի լինի, քանի որ հետզհետե տնտեսական աճի վերականգնման պարագայում կամաց-կամաց պետությունը և Կառավարությունը դուրս կգա այդ ակտիվ միջամտությունից»: