19/11/2009 13:47
Սպանվել է «Խոսրովի անտառ պետական արգելոցի» տնօրենը
Նոյեմբերի 19-ին, ժ.00.55-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում Արտաշատի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 18-ին, ժ. 23.50-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Խոսրովի անտառ պետական արգելոց» ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, 1958 թ. ծնված Սամվել Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի 007 ԼԼ 71 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայի աջ կողմից հավասարվել է անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ է արձակվել:
Արձակված գնդակները դիպել են ավտոմեքենայի հետևի աջ նստատեղին նստած Ս. Շաբոյանի մարմնին, ինչի հետևանքով նա մահացել է:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից, զննությամբ ավտոմեքենայի հետևի աջ դռան վրա հայտնաբերվել է հրազենային կրակոցների 30 անցք:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ` հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: