19/11/2009 14:02
Ներկայացվեց լրագրողների համար տնտեսական ուղեցույցը
Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Ինտերնյուսը լրագրողներին ներկայացրեցին «Տնտեսության լուսաբանում. ուղեցույց լրագրողների համար» գիրքը:
Գրքի շնորհանդեսին ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնդսեյլը:
Ինտերնյուս կազմակերպության ղեկավար Նունե Սարգսյանը տեղեկացրեց, որ հայ լրագրողներին հասցեագրված այս ուղեցույցը կազմել է բրիտանական «Իրվինգ ինթերնեշնլ լիմիթիդ» կազմակերպությունը` «Բիզնեսի և տնտեսական թեմաներով լրագրության դասընթացներ» ծրագրի շրաջանակներում: Ծրագրի իրականացմանն աջակցել է Հայաստանում բրիտանական դեսպանատունը: Այն նպատակ ուներ մեր երկրում բարձրացնել տնտեսական ու բիզնես լրագրության որակը, նպաստել այս թեմաների առավել պրոֆեսիոնալ լուսաբանմանը: Ծրագրի ընթացքում, որին մասնակցել են 20 լրագրողներ Երևանից և մարզերից, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան նրանց խորհրդատվություն է տրամադրել կապիտալի շուկային առնչվող թեմաների վերաբերյալ:
«Ուղեցույցը կազմելու աշխատանքներին մասնակցել են հայ և անգլիացի մասնագետներ: Այն հիմնված է մեր իրականության վրա»,- նշեց Ն. Սարգսյանը:
Չ. Լոնդսեյլի խոսքով, երկրում գործող ուժեղ և արդյունավետ ԶԼՄ-ները կարևոր մաս են կազմում ուժեղ հասարակության:
«Լրագրողները պետք է ունենան վերպատրաստվելու հնարավորություն: Տնտեսությունը և բիզնեսը կարևոր են, բայց տվյալ տնտեսական իրավիճակում կարևոր է նաև դրա ճիշտ լուսաբանումը: Ձեռնարկը հնարավորություն է տալիս լրագրողներին անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ ձեռք բերել»,- ասաց Չ. Լոնդսեյլը:
Ն. Սարգսյանը հայտնեց, որ ձեռնարկն ազատ կտրամադրվի ցանկացած լրագրողի, նաև կբաժանվի տարբեր ԲՈՒՀ-երում: