21/11/2009 13:01
Հայաստան մտնող տրանսֆերտները նվազել են շուրջ 30%-ով
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան մտած տրանսֆերտները կազմել են 148,4 մլն դոլար:
Միջոցների կեսից ավելին փոխանցվել է Ռուսաստանից` 98,0 մլն դոլար: Նշված ժամանակահատվածում Հայաստանից դուրս եկած գումարները կազմել են 57,2 մլն դոլար:
Ընդհանուր տրանսֆերտների ծավալում ոչ առևտրային նպատակներով հանրապետություն մտած գումարները կազմել են 144,4 մլն դոլար:
Եթե համեմատելու լինենք նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ, ապա կտեսնենք, որ երկիր եկող տրանսֆերտները նվազել են շուրջ 30 տոկոսով: 2008թ-ին հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստան կատարած դրամական փոխանցումների ծավալը կազմել է 203,4 մլն դոլար, այդ թվում Ռուսաստանից` 151,5 մլն դոլար: Անցած տարվա 9 ամիսներին ոչ առևտրային նպատակներով Հայաստան եկած դրամական հոսքերը կազմել են 169 մլն դոլար:
Նկատենք, որ Կենտրոնական Բանկի կողմից հրապարակված այս թվերը արտահայտում են միայն առևտրային բանկերի միջոցով կատարված փոխանցումները: Հայտնի է, որ կանխիկի տեսքով Հայաստան եկող միջոցները մի քանի անգամ գերազանցում են բանկային փոխանցումներին, և, որոշ հաշվարկներով, կազմում ՀՀ բյուջեին համադրելի գումար: