23/11/2009 16:51
Ալիևի մեղսավոր հայացքը
Ես այն լրագրողներից մեկն էի, որ նոյեմբերի 22-ին այնտեղ էին` Մյունխենում: Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանն, ըստ երևույթին, մի փոքր ուշանում էր: Հանդիպման համար նախատեսված սենյակին կից սրահում կանգնած էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Մինսկի խմբի համանախագահները: Ալիևը լուռ էր ու մտազբաղ: Նրա դեմքի արտահայտության մեջ ինձ համար շատ ծանոթ մի բան կար… Ավելի երկար և ուշադիր նայելուց հետո հանկարծ հասկացա. այն շատ նման էր իմ 9-ամյա որդու դեմքի արտահայտությանը, երբ նա հանկարծ մեր ընտանիքի կանոններին ու դրվածքին դեմ որևէ բան է անում. մեղսավոր դպրոցականի ծանոթ հայացք:
Մի կողմից տարօրինակ է, սակայն մյուս կողմից` նա, փաստորեն, այնուամենայնիվ, գիտակցում է. այն արարքները, որոնք թույլատրելի են այնտեղ` Բաքվում, միջազգային հանրության տեսանկյունից դիտվում են որպես աբսուրդային և իրենց հետևանքներն են ունենում, որոնք, ի դեպ, երկար չսպասեցրին…
Ես բանակցությունների մասնագետ չեմ և ոչ էլ ֆիզիոնոմիստ եմ. ես լրագրող եմ: Սակայն Ադրբեջանի նախագահի դեմքի արտահայտությունն ինձ միանշանակ հուշեց, որ այս բանակցությունները կրկին անարդյունավետ կլինեն, քանի որ նա վստահ չէ այն ամենում, ինչ արել է և անում է:
Ա.Ս.