23/11/2009 15:57
Թուրքիայում գյուղմթերքներն ավելի թա՞նկ են, քան Հայաստանում
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ուսումնասիրություններ է կատարել` պարզելու Թուրքիայի գյուղատնտեսության վիճակը և Հայաստանի գյուղատնտեսության համար հավանական սպառնալիքները հայ-թուրքական սահմանի բացման դեպքում:
«Նայել ենք մոտ 46 հիմնական պարենային մթերքների գները Թուրքիայում, համեմատել ենք մեր տեղական շուկայի հետ և շատ վախենալու բան չունենք, քանի որ Թուրքիայի շուկայում գներն ավելի բարձր են, քան Հայաստանի շուկայում: Այնտեղ ընդամենը 6-7 արտադրանք է, որ գները մեզ մոտ ավելի բարձր են, քան` Թուրքիայում: Օրինակ, մսի, մսամթերքի գները. ինչքան էլ Թուրքիան հռչակված է որպես անասնապահական երկիր, Հայաստանում գրեթե 800-1000 դրամի չափով գնի մեջ տարբերություն կա»,- լրագրողների հետ զրույցում այսօր հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը:
Նա նշեց, որ Թուրքիայի կառավարությունը բավականին մեծ աջակցության ծրագրեր է իրականացնում ֆերմերների համար` համատարած կերպով բոլոր ֆերմերներին հեկտարի հաշվով տրվում է 90 դոլար սուբսիդիա, բացի դրանից, Թուրքիան, լինելով Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ, անտեսում է այդ կազմակերպության պահանջները և տեղական արտադրողին շատ է պաշտպանում. ԱՀԿ-ի արտահանման և ներկրման համար սահմանված 15 %մաքսատուրքի փոխարեն, Թուրքիան ներկրման համար սահմանել է ցորենի 130 % մաքսատուրք, գինիների` 230 %, մսամթերքի 200-ից ավել, գարեջրի համար` 400 % մաքսատուրք, և ոչ մեկը չի կարող թափանցել այդ շուկա:
«Մեր պարագայում Թուրքիան ունի որոշակի վերապահում. երբ մենք ընդունվեցինք ԱՀԿ, Թուրքիան դրան կողմ քվերակեց մի վերապահումով` որ Հայաստանի հետ չի պահպանելու ԱՀԿ կանոնները: Այսինքն, եթե մենք սահմանը բացենք, Թուրքիան կարող է շատ խտրական քաղաքականություն իրականացնել մեզ հետ, եթե մենք չպահանջենք այդ վերապահումը հանելը»,- նշեց Ս. Ավետիսյանը:
Փոխանախարարի կարծիքով, Թուրքիային էլ է շահավետ Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների զարգացումը, քանի որ ԵՄ պահանջով նա խնդիր ունի տարածաշրջանային համահարթեցման, որովհետև Հայաստանին սահմանկից Արևելյան Անատոլիայի շրջանը ամենաթույլ զարգացածն է:
Այն հարցին, թե արդյո՞ք սահմանի բացման դեպքում սպառնալիքներ չկան մեր ֆերմերների համար, Ս. Ավետիսյանը պատասխանեց. «Այո, եթե մենք համահունչ քաղաքականություն չիրականացնենք, եթե չօգտագործենք ֆերմերների աջակցության մեխանիզմները, որ կիրառվում են աշխարհում, եթե չկիրառենք մաքսային և ոչ մաքսային գործիքներ, որ կիրառվում է արտահանման-ներկրման ժամանակ: Պետք է դաշտը կանոնակարգել և կոշտ քաղաքականություն իրականացնել սահմանի վրա: Իսկ եթե չհամաձայնեն մաքսատուրքերն իջեցնել, մենք էլ նույն կերպ կվարվենք»: