23/11/2009 13:02
Մեկնարկեց «Ֆրութֆուլ Արմենիա» 5-րդ երկօրյա համաժողովը
Այսօր Երևանում մեկնարկեց «Ֆրութֆուլ Արմենիա» 5-րդ երկօրյա համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Ֆրութֆուլ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Աննա Շիրինյանը, Հայաստանում ՄԱԿ-ի հանրային տեղեկատվական բաժնի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Գայանե Նասոյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:
Համաժողովի բացման ժամանակ հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, «Ֆրութֆուլ Արմենիա տաղանդ» մրցույթի մասնակիցներին հանձնվեցին մասնակցության դիպլոմներ:
«Հոբելյանական մեր հանդպումը վկայում է այն մասին, որ «Ֆրութֆուլ Արմենիա» համաժողովներն անցնում են արդյունավետ, և կատարվող աշխատանքներն ունենում են կարևոր նշանակություն գյուղատնտեսության զարգացման համար: Մենք ուշադրությամբ հետևում ենք քննարկումների ամբողջ ընթացքին, քանի որ քննարկումների արդյունքներն օգտակար են Կառավարության համար»,- ասաց Տ. Սարգսյանը` խորհրդանշական համարելով, որ հոբելյանական համաժողովը նվիրված է երիտասարդներին:
Խոսելով Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից Հռոմում կազմակերպված տարեկան համաժողովի մասին, ՀՀ վարչապետը նշեց, որ ՊԳԿ գնահատականով, մեր երկրում գյուղատնտեսության ոլորտում իրականացված բարեփոխումներն արդյունավետ են եղել. «Սակայն դա չի նշանակում, որ պետք է չտեսնենք առկա խնդիրները»: Տ. Սագսյանը նշեց այն ծրագրերը, որ իրականացվում են Հայաստանում` «Ջրից դեպի շուկա», ենթակառուցվածքների ուղղություն և այլն:
Համաժողովի ընթացքում տեղի կունենան թեմատիկ քննարկումներ` ֆինանսների հասանելիության, ՀՀ-ում մանր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ծրագրերի, Հայաստանի գյուղատնտեսության ամենահրատապ հիմնախնդիրների և դրանց լուծումների, երիտասարդ սերնդի համար օրգանիկ սննդի, տեխնոլոգիաների և այլն թեմաներով:
Վաղը կայանալու է նաև «Ֆրութֆուլ Արմենիա տաղանդ» մրցույթի մրցանակաբաշխությունը:
Հիշեցնենք, որ «Ֆրութֆուլ Արմենիա» մրցույթի նպատակն է խրախուսել և նպաստել նորարական առաջարկների ներկայացմանը և աշխարհի տարբեր անկյուններից երիտասարդ հայ տաղանդների բացահայտմանը, որի արդյունքում կընդլայնվեն Գյուղատնտեսության և Գյուղարդյունաբերական Արտադրության, Առևտրի և Մարկետինգի, Ֆինանսների և Ենթակառուցվածքի ոլորտները ՀՀ-ում: Մրցանակները դրամական պարգևների տեսքով են, նաև` համակարգիչներ, աշխատության հրատարակչություն և այլն: Ֆրութֆուլ Արմենիա Ոսկե մրցանակի հաղթողը կստանա
3մլն դրամ, Առաջին մրցանակի հաղթողը` 750 հզ. դրամ, Երկրորդ մրցանակինը` 300 հզ. դրամ: