24/11/2009 10:43
Էրդողանը Գյուլից մեծ ազդեցություն ունի
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն աշխարհի ամենաազդեցիկ մահմեդականների շարքում հինգերորդն է: Ցանկը կազմվել է ամերիկյան Ջորջթաունի համալսարանի և Հորդանանի կիրառական կենտրոնի հետազոտողների կողմից: Ցանկում ընդհանուր առմամբ Թուրքիայի 20 քաղաքացու անուն է նշված:
«ԻսլամՆյուս» կայքը` վկայակոչելով թուրքական «Ռադիկալը» թերթին, հայտնում է, որ ցանկը կազմողների կարծիքով, Էրդողանը զիջում է միայն Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլային, այաթոլլա Ալի Համենեին, Մարոկոյի թագավոր Մուհամեդին և Հորդանանի թագավոր Աբդուլլահին:
Նշենք, որ ցանկի կազմման գործում հիմնական չափորոշիչներից է ինչպես իրենց երկրում, այնպես էլ միջազգային արենայում այդ մարդկանց ունեցած ազդեցությունը:
Թուրքիայի վարչապետին ազդեցությամբ զիջում են Թուրքիայի նախագահ Գյուլը (28-րդ) և ԱՄՆ-ի մահմեդական համայնքի առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենը (13-րդ):
Թերթը նաև գրում է, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը համարվել է «կառուցողական-ժողովրդավարական կուսակցություն»:
Աբդուլա Գյուլն էլ «իսլամական անցյալով թուրքական առաջին նախագահի» պատվին է արժանացել: