25/11/2009 12:54
«ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում» ֆորում Աղվերանում
Նոյեմբերի 28-29-ը Աղվերանի Արթուրս հյուրանոցային համալիրում տեղի կունենա «ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում» ֆորում, որն այս անգամ ամբողջությամբ նվիրված կլինի Հայաստանում ՏՀՏ ոլորտի խնդիրներին մաքսային և հարկային բնագավառներում: Ֆորումի նպատակն է մեկ հովանու ներքո հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկել Հայաստանում առկա բարձր տեխնոլոգիաների զարգացման առաջնային խնդիրները, մասնավորապես` մաքսային և հարկային ոլորտում:
Ֆորումի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.
• Մաքսային ոլորտում առաջացող խնդիրները ՏՀՏ ապրանքների ներմուծման ժամանակ
• Մաքսային ոլորտում առաջացող խնդիրները ՏՀՏ ապրանքների արտահանաման ժամանակ
• ՏՀՏ ոլորտում առաջացող խնդիրները հարկային ոլորտում
• Կրթության և գիտության բնագավառների խնդիրները հարկային դաշտում
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պետական այլ մարմինների համապատասխան ներկայացուցիչներ, ՏՀՏ ոլորտի տեղական և միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ։
Ինչպես հայտնում են ԻՏՁՄ-ից, Ֆորումի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն:
Քննարկված հարցերի և ձևավորված առաջարկությունների վերաբերյալ առաջարկները կփոխանցվեն ՀՀ կառավարություն և լիազոր մարմիններ: