25/11/2009 16:51
Մելինե Դալուզյանը հանգրվանեց 6-րդ հորիզոնականում
Հարավկորեական Գոյանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկան մինչև 63 կգ քաշային կարգում հանդես եկող աղջիկները: Հայաստանի հավաքականն այդ կարգում ներկայացնում է Մելինե Դալուզյանը, ումից սպասելիքները, անկեղծ ասած, մեծ էին: Նա, սակայն, այս անգամ այնքան էլ հաջող հանդես չեկավ: Պոկում վարժությունում առաջին իսկ փորձից կարողացավ իր գլխավերևում պահել 105 կիլոգրամանոց ծանրաձողը, սակայն այնուհետև պատվիրեց 108 կգ քաշ և ձախողեց մյուս երկու փորձերը:
Հրում վարժությունում, ցավոք, ականատես եղանք նույն պատկերին: Մելինեն կրկին առաջին մոտեցմամբ վստահ բարձրացրեց 130 կիլոգրամ քաշը, իսկ այնուհետև չկարողացավ իր կամքին ենթարկել 137 կգ ծանրաձողը: Այսպիսով` պոկում վարժությունում հայ մարզուհին գրավեց 7-րդ տեղը, իսկ հրում վարժությունում` 6-րդ: Երկամարտի 235 կգ արդյունքով նա, ի վերջո, հանգրվանեց 6-րդ տեղում:
Ավելացնենք, որ այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել Ղազախստանի ներկայացուցիչ Մայյա Մանեզան` երկամարտի 246 կգ արդյունքով (105 կգ +141 կգ): Արծաթե մեդալին տիրացել է Ռուսաստանի հավաքականի անդամ Սվետլանա Ցառուկաևան, ով նույնպես 246 կգ արդյունք ունի, սակայն անձնական քաշով զիջում է ղազախ մարզուհուն: Մրցանակային եռյակը եզրափակել է թրքուհի Սիբել Սիմսեկը (108 կգ+135 կգ=243 կգ):