25/11/2009 11:33
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է շրջայցը ՀՀ տարբեր մարզերում
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է շրջայցը հանրապետության տարբեր մարզերում: Անմիջական շփումն ու գոյություն ունեցող խնդիրների շուրջ անկեղծ զրույցը` արդարացված ձևաչափ է արդյունավետ համագործակցության համար:
Հայաստանի բջջային առաջատար օպերատորի փորձին նախօրեին ծանոթացել են Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի (ԵՊՏՀ) Գյումրիի մասնաճյուղի ուսանողները:
«Այն ինչ տրվում է փորձով` իրական ձեռքբերում է գիտելիքների բազան հարստացնելու առումով: Դա թույլ է տալիս ստանալ առավելագույնը` ժամանակի տնտեսման և անմիջական շփման միջոցով: Իր փորձով երիտասարդների հետ կիսվելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը բխում է այդ տրամաբանությունից», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ինչպես հայտնում են ընկերությունից, շուրջ մեկ ժամ տևած դասախոսության ընթացքում, ներկաները ծանոթացան կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվող ընկերության մոտեցումներին, շուկայում հետագա ռազմավարությանն ու նորովի բացահայտեցին առաջատար լինելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գաղտնիքը:
«Մենք նայում ենք առաջ և մեր տեսլականում զարգացած Հայաստան ունենալն է, որի հիմքը կրթված երիտասարդ սերունդն է: Նորարարությունը զարգացման բանալին է, և այն կազմակերպությունը, որն արհամարհական վերաբերմունք է դրսևորում նորարարության հանդեպ, պարզապես չի կարող երկար գոյատևել: Մենք ձեզ հետ կիսում ենք տարիների մեր փորձը և ավելացնում ձեր գիտելիքները` ձեր օգտի համար», - ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:
Իր ռազմավարության կենսունակությունն ապացուցած ընկերության գլխավոր տնօրենը պատասխանել է նաև տեղում բարձրաձայնված հարցերին: