26/11/2009 12:44
Վանաձոր-1-ը շահագործման կհանձնվի 2010 թ.-ին
Վանաձոր-1 ենթակայանի վերակառուցումը կավարտվի 2010 թ. սեպտեմբերին: KfW բանկի ֆինանսավորմամբ ընթացող աշխատանքները սկսվել են 2009 թ. հուլիսին:
«Եվ ֆիզիկապես, և բարոյապես մաշված սարքավորումները փոխարինվում են նոր` եվրոպական արտադրության սարքավորումներով, որը կապահովի ավելի հուսալի էներգամատակարարում գործարաններին և բնակչությանը: Վանաձոր-1-ն էլեկտրաէներգիայով է ապահովում Վանաձոր քաղաքի մեծ մասը», - հայտնեց Բարձրավոլտ էլեկտրացանցերի Հյուսիսային մասնաճյուղի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Նա նշեց, որ ֆինանսական միջոցները քիչ են` 1.5 մլն եվրո, որը Ալավերդի-2 ենթակայանի վերանորոգման ժամանակ տնտեսված գումարներն են:
«Վթարներ հիմա լինում են, բայց շատ չէ, իսկ սարքավորումները փոխելուց հետո դրանք էլ կբացառվեն, կորուստներն էլ կհասցվեն նվազագույնի»,- վստահեցրեց Գ. Գևորգյանը:
Ենթակայանի վերականգնման աշխատանքներն իրականացնում է Սիմենս ընկերությունը (տենդերին, բացի Սիմենսից մասնակցել էին Արևա և ԱԲԲ ընկերությունները):
Բարձրավոլտ էլեկտրացանցերի կազմում կան 14 ենթակայաններ: Հաջորդ տարի նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել Գյումրու ենթակայանը, որը կապահովի Թուրքիա էլէներգիայի հոսքը:
Հիշեցնենք, որ KfW բանկի ֆինանսավորմամբ 2003 թ. շահագործման հանձնվեց հիմնովին վերակառուցված Վանաձոր-2-ը, որը ըստ Գ. Գևորգյանի, դեռ 30 տարի առանց որևէ խնդրի կշահագործվի:
Հավելենք նաև, որ Վանաձոր-2-ն ապահովում էր դեպի Վրաստան էլէներգիայի հոսքը, սակայն արդեն 2 տարի է, ինչ Վրաստանի հետ էներգամատակարարման պայմանագրի ժամկետն ավարտվել է և չի թարմացվել: