27/11/2009 12:56
Նազիկ Ավդալյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն
Հայ 19-ամյա ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը հարավկորեական Գոյանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մինչև 69 կգ քաշային կարգում հաղթող դարձավ նաև հրում վարժությունում:
Առաջին մոտեցմամբ նա իր կամքին ենթարկեց 141 կգ ծանրաձողը և միանգամից շրջանցեց բոլոր մրցակիցներին: Ռուսաստանցի Օքսանա Սլիվենկոն, ով հաղթողի կոչման ֆավորիտներից մեկն էր և երկրորդ մոտեցմամբ բարձրացրել էր 140 կգ, ստիպված եղավ պատվիրել 146 կգ: Նա հաղթահարեց այդ քաշը, սակայն Նազիկը երկրորդ մոտեցմամբ պարզապես հայտարարեց, որ չի ընդունում որևէ մեկի գերազանցությունը: Հայ մարզուհին վստահ բարձրացրեց 147 կիլոգրամանոց ծանրաձողը և, անկախ երրորդ մոտեցման արդյունքից, հռչակվեց աշխարհի չեմպիոն: Երրորդ մոտեցումը պարզապես կորցրեց իր իմաստը: Երկամարտի 266 կգ արդյունքով Նազիկն արժանացավ նաև մեծ ոսկե մեդալին: Նշենք, որ Հայաստանի հավաքականի հավաքածուում ևս երեք ոսկե մեդալ ավելացավ, երկուսը` փոքր, մեկը` մեծ:
Հրում վարժությունում երկրորդ և երրորդ տեղերը, ինչպես և պոկում վարժությունում, համապատասխանաբար զբաղեցրեցին Օքսանա Սլիվենկոն և Շաոլին Ժանգը` 146 և 136 կգ արդյունքով: Ռուսաստանցի մարզիկը տիրացավ արծաթե մեդալին` երկամարտում արձանագրելով 264 կգ արդյունք, իսկ մրցանակային երրորդ տեղն զբաղեցրած Ժանգը բավարարվեց 248 կգ ցուցանիշով: