30/11/2009 12:34
ՁԻԱՀ-ի դեմ պայքարին նվիրված երթ` Երևանում
Դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, մի շարք ՀԿ-ների նախաձեռնությամբ կկազմակերպվի խաղաղ երթ Երևանի փողոցներով` երիտասարդ կամավորների ներգրավմամբ: Երթին մասնակցելու համար վաղը ժամը 16-ին Կոնսերվատորիայի մոտակայքում գտնվող այգում երիտասարդները կհագնեն միատեսակ սպիտակ հագուստներ, որոնց վրա նկարված կլինեն ՁԻԱՀ-ի դեմ պայքարը խորհրդանշող կարմիր ժապավենը, իսկ առջևի մասում գրված կլինեն թվեր, որոնք կարտահայտեն Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց վիճակագրական տվյալներ:
Ապա երթը շարժվելու է Սայաթ-Նովա փողոցով դեպի Տերյան, Թումանյան, Հյուսիսային պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ, որից հետո երթի մասնակցիները կշարժվեն Ազնավուրի հրապարակ:
Ժամը 18-ին Մոսկվա կինոթատրոնի առջև տեղադրված կլինի էկրան, որի վրա կցուցադրվի հաշվիչ: Կամավորներն անցորդներին կխնդրեն գունավոր ներկված քարեր նետել զամբյուղի մեջ, որպեսզի օգնեն դանդաղեցնել հաշվիչի ընթացքը: Հաշվիչը խորհրդանշելու է Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թվի աճը, իսկ հաշվիչի ընթացքը դանդաղեցնելու մարդկանց աջակցությունը կխորհրդանշի նրանց ներդրումը համաճարակի կանխարգելման գործում:
Երթի ընթացքում կլինեն նաև 1-2 րոպե տևողությամբ ներկայացումներ, ապա երթը կեզրափակվի Մոսկվա կինոթատրոնի դահլիճում` ժամը 19-ին ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրին նվիրված «Ով երբեք չի ապրել» ֆիլմի ցուցադրությամբ:
Երթի կազմակերպիչներն են «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք», «Հայաստանի ուսանողական ֆորում», «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ները: