30/11/2009 11:16
Հիշատակության օր է
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս.Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օրը: Այս մասին տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմի մամուլի ծառայության բաժնից:
Գենարիոս անունը լատիներեն Յանվարիոս է, իսկ իտալերեն՝ Կենարո: Ենթադրվում է, որ ծնվել է երրորդ դարի սկզբին: Ծնողները հարուստ և ճանաչված էին: Եղել է Իտալիայի Բենեվենտ քաղաքի եպիսկոպոսը: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ ձերբակալվել է և 305-ին նահատակվել: Նահատակության ժամանակ սրբի թափված արյունը մինչև օրս պահպանվում է Նեապոլի եկեղեցում` հատուկ փոքր սրվակի մեջ:
Մերկերիոսը հռոմեական բանակի քաջ զինվորներից էր: Նա հոր նման Աստծուն էր պաշտում: Ի պատիվ հաղթանակի, Դեկոս կայսրը նրան կանչել է Արտեմիսի տաճարում զոհ մատուցելու: Մերկերիոսը հրաժարվել է: Նրա ձեռքերը կապել են և կրակի վրա այրել, սակայն հաջորդ օրը նա կենդանի ու բուժված է եղել և վկայել, որ Աստված է իրեն փրկել: Այդ ժամանակ կայսրը հրամայել է շիկացած շամփուրներով այրել նրա մարմինը և կտրել գլուխը: Սուրբ վկան 250 թվականին նահատակվել է: