30/11/2009 12:50
Ազատ տնտեսական գոտում գանձվելու է միայն եկամտահարկ
Շուրջ մեկ տարի առաջ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման հայեցակարգին: Փաստաթուղթը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված գյուղատնտեսության ճյուղի առանցքային դերը` երկրի պարենային անվտանգության ապահովման և գյուղական աղքատության կրճատման տեսանկյունից: Հայեցակարգի համաձայն, գյուղատնտեսության ճյուղի զարգացումը պետք է ընթանա գյուղատնտեսության արդյունաբերականացման և արտադրություն-վերամշակում-շուկա շղթայի լիարժեք գործարկմամբ, որը հնարավորություն կտա ավելացնել գյուղացիական տնտեսությունների եկամուտները:
«Կոնցենսիոների հետ արդեն երկու տարի է, ինչ քննարկվում են հնարավոր զարգացումները: Մի փոքր էլ սպասենք, և արդյունքները կտեսնենք»,- լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը:
Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրվել է այլ երկրների փորձը, և ՀՀ օրենսդրությունը, արտոնությունների մասով, ոչնչով չի զիջում տարածաշրջանում հարևանների օրենսդրություններին: Հայաստանյան ազատ տնտեսական գոտիներում, ըստ օրենքի, չի գանձվելու շահութահարկ, ԱԱՀ, մաքսատուրք. միակ գանձումը եկամտահարկն է, մի պայմանով, որ տարածքում ենթակա ամբողջ արտադրանքն արտահանվի: Ըստ փոխնախարարի, տնտեսվարողն իրավունք ունի Հայաստանում իրացնել արտադրանքի միայն 5 %-ը, որի դեպքում կգանձվի մաքսատուրք և ԱԱՀ, իսկ շահութահարկ չի գանձվի:
«Ազատ տնտեսական գոտիները ինչպես շատ լուրջ առավելություն, այնպես էլ շատ լուրջ խնդիրներ կարող են առաջացնել ներքին արտադրողի համար: Նախագծում պետք է ցույց տրվի, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի ազատ տնտեսական գոտին մրցակցի ոչ թե քո տնտեսության, այլ` դրսի հետ»,- կարևորեց Վ. Դանիելյանը:
ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանը նույնպես հավաստեց, որ «Ազատ տնտեսական գոտի» մաքսային ռեժիմը իր մեջ չի ներառում որևէ սակագնային քաղաքականություն:
«Այսօրվա դրությամբ մեկ տնտեսվարող սուբյեկտի է տրվել ազատ տնտեսական գոտու թույլտվություն` Երևանի «Զվարթնոց» օդանավականին: Կառավարութունը նաև մի շարք հայեցակարգեր է ընդունել, մասնավորապես, Գյումրու տեխնոպարկի վերաբերյալ, ներկայումս քննարկվում է Սյունիքի տարածաշրջանում և, ընդհանրապես, երկրի ներսում` առանց սահմանների ազատ տնտեական գոտու ստեղծման հարցը»,- հավելեց Կ. Բեգլարյանը: