01/12/2009 09:50
Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Առաջին անգամ 1988թ.-ի դեկտեմբերի 1-ին այն հռչակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Այդ ժամանակից ի վեր ամեն տարի այս օրն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի նկատմամբ հասարակության լայն խավերի ուշադրությունը գրավելու, կանխարգելման ոլորտում նոր կազմակերպություններ, խմբեր, առանձին անհատներ ներգրավելու համար: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը ևս մեկ կարևոր հիշեցում է մարդկանց, որ ՄԻԱՎ-ը չի անհետացել, և դեռևս շատ հարցեր կան, որ պետք է լուծել:
Այս օրը հնարավորություն է տալիս բոլորիս` գործողություններ ձեռնարկել, ինչպես նաև երաշխավորել, որ մարդու իրավունքները պաշտպանված են, իսկ ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման և խնամքի գլոբալ թիրախները` բավարարված:
Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը տեղեկացնում է, որ 1988թ. մինչև 2009թ. հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 796 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 136-ը` 2008թ. ընթացքում:
ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 582 մարդ (73,1%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 214 դեպք (26,9%): ՄԻԱՎ վարակի 16 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների 59,3%-ը 25-39 տարիքային խմբում է:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (49,9%) և թմրամիջոցների ներարկային միջոցով օգտագործումը (41,5%): Սրանցից բացի Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
ՄԻԱՎ վարակով հիվանդներից 366-ի մոտ (կին` 84, երեխա` 8) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 83-ի մոտ՝ 2008թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 197 դեպք: Մահացածների թվում կան 31 կին և 4 երեխա:
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում ու Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (57,3%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98%):
ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 350 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 44%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի և Լոռու մարզերն են՝ 10,2%:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա 2300 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:
Հիշեցնենք, որ այսօր մի շարք ՀԿ-ների նախաձեռնությամբ կկազմակերպվի խաղաղ երթ Երևանի փողոցներով` երիտասարդ կամավորների ներգրավմամբ: Երթը կմեկնարկի 16:00-ին Կոնսերվատորիայի մոտակայքում գտնվող այգում, որից հետո երթի մասնակիցները շարժվելու են Սայաթ-Նովա փողոցով դեպի Տերյան, Թումանյան, Հյուսիսային պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ, իսկ այնուհետև` Ազնավուրի հրապարակ: