02/12/2009 15:47
Մոլդովայի հայ աշակերտներ. 22 հոգի` մինչև 75 տարեկան
Մոլդովայի հայ համայնքի ղեկավար, Մոլդովայի «Հայ կանայք» ասոցիացիայի հիմնադիր նախագահ Վեներա Գասպարյանն այս օրերին Հայաստանում է: Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ Մոլդովայում արդեն գործում է Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցը:
Դպրոցում, Գասպարյանի խոսքով, սովորում են 22 աշակերտներ` մինչև 75 տարեկան, ովքեր ցանկանում են հայերեն սովորել:
«Հայկական երգի, պարի, թատրոնի և տարբեր այլ խմբակներ կան, և դասերի ժամանակ հայերը հագնում են հայկական հագուստ, տարազներ, և այդպես անցկացնում պարապմունքները»,- ասաց նա:
Մաշտոց կիրակնօրյա դպրոցը Քիշնևում բացվել է այս տարվա հոկտեմբերի 24-ին, մինչ այդ Մոլդովայում հայերեն սովորելու միակ հնարավարությունն ընտանիքն է եղել:
«Աշխատանքներ ենք տարել Նոր Անենում ևս դպրոց ունենալ, քանի որ այդ քաղաքում 40 հայ ընտանիք է ապրում, արդեն իսկ 15 աշակերտ դիմել է, դասերն առաջիկայում կկազմակերպվեն ընդհանուր դպրոցում, մինչև մենք կունենանք մեր հայկական օջախը նաև Նոր Անենում»,- նշեց Մոլդովայի հայ համայնքի նախագահը:
Ինչ վերաբերում է դասագրքերին, Վեներա Գասպարյանն ասաց, որ ՀՀ Սփյուռքի նախարարութան աշխատակազմի ղեկավար Արտակ Զաքարյանը ներկա էր կիրակնօրյա դպրոցի բացմանը և իր հետ բերել էր դասագրքեր, այբբենարաններ, հայոց լեզվի և պատմության թեմաները ներառող ձայնասկավառակներ, սակայն Գասպարյանի շեշտեց, որ դասագրքային եղած պաշարը չի կարող լիովին բավարերել հայերեն սովորող ցանկացողներին:
Կիրակնօրյա դպրոցում նաև ուսումնասիրվում են Մոլդովայի հայերի պատմությունը` նպատակ ունենալով սերունդներին փոխանցել գիտելիքներ հայերի` Մոդոլավայում ունեցած դերի մասին: