03/12/2009 10:01
ՄՊՀ. Ադրբեջանն աղավաղում է իր պատմությունը, Հայաստանը` ոչ
Մոսկվայի Պետհամալսարանի մասնագետներն ուսումնասիրել են նախկին Խորհրդային միության երկրների պատմության դպրոցական դասագրքերը: Ինչպես պարզվել է, պատմությունը օբյեկտիվորեն ներկայացված է միայն Հայաստանի և Բելառուսի դասագրքերում:
Ուսումնասիրության արդյունքում, որի արդյունքները ներկայացնում է «Նովի ռեգիոն-Մոսկվա» պարբերականը, մասնագետները պատմության աղաղակող խեղաթյուրումներ են նկատել և հայտնել են լրագրողներին, որ բացի Բելառուսից և Հայաստանից, մյուս հանրապետություններում անցյալին մոտենում են ազգայնական տեսանկյունից և չեն կաշկանդվում սեփական անցյալը խեղաթյուրելու միջոցներում:
Ըստ մասնագետների, գրեթե բոլոր «նորաթուխ պատմաբաններն» իրենց ժողովուրդներին հնագույն անցյալ և համաշխարհային մասշտաբի առաքելություն են վերագրում:
«Երբեմն դա այնքան անհեթեթ է հնչում, որ անեկդոտ է հիշեցնում», - գրում է պարբերականը և որպես օրինակ նշում, որ «ադրբեջանցիները տեսնում են իրենց ազգակցական կապերը շումերների հետ»:
Ուսումնասիրության արդյունքում նաև պարզվել է, որ որոշ երկրներ, բացի սեփական անցյալը խեղաթյուրելուց, նաև «սեփականաշնորհում են» այլոց տարածքները:
«Այդ նույն Ադրբեջանում պնդում են, որ Հայաստանը հիմնվել է վերջինիս տարածքների վրա: Վրաստանն էլ իր «պատմական տարածքներին» է վերագրել Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի զգալի կտորներ», - նշում են ուսումնասիրության հեղինակները:
Բացի այդ, ըստ արդյունքների, պարզվել է, որ պատմությունը խեղաթյուրում են նաև Ուկրաինայում, որը հավակնում է, թե Հռոմը և Տրոյան հիմնել են իրենց նախնիները, իսկ աշխարհի բոլոր լեզուներն առաջացել են իրենց նախալեզվից:
«Նախկին ԽՍՀՄ հանրապետություններում հրատարակված պատմության դպրոցական դասագրքերի ուսումնասիրությունը մեզ անակնկալի բերեց: Մենք գիտեինք, որ դասագրքերը պարունակում են պատմության ազգայնական շարադրություն: Անսպասելին այն էր, որ շատ դեպքերում ազգայնականության հետևում թաքնված է այդ պետությունների վերնախավի գաղափարախոսությունը: Բոլոր դասագրքերում ասվում է, որ ինքնիշխանությունը և անկախությունը ազգի համար ամենից սուրբ արժեքներն են: Այնինչ նոր ազգային պետությունների իրական գաղափարախոսությունը արտաքին հովանավորի փնտրտուքի գաղափար է` անկախության և ազգային արժանապատվության հաշվին», - մեկնաբանելով ուսումնասիրության արդյունքները` ասել է Մոսկվայի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դոցենտ Անդրեյ Շադրինը: