04/12/2009 17:28
«Նվիրիր կյանք» համերգը Երևանում
Արյան քաղցկեղով և այլ ծանր հիվանդություններով հիվանդ երեխաների օգնության ռուսաստանյան «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախաձեռնությամբ` այսօր Երևանում տեղի կունենա բարեգործական համերգ, որի նպատակն է ուշադրություն հրավիրել մանկական ուռուցքաբանական հիվանդությունների խնդրին և 97 հազար դոլարի գումար հավաքագրել` «Մուրացան» Համալսարանական հիվանդանոցի շրջանակներում արյան փոխնենարկման բաժանմունքի սարքավորումներ գնելու նպատակով:
Միջոցառմանը, որը վարելու է հայտնի ռուսաստանյան դերասան Չուլպան Խամատովան, կմասնակցեն ռուսաստանյան և հայաստանյան երաժիշտներ և խմբեր, որոնց թվում` Լևոն Մալխասյանը և «Մալխազ» խումբը, Ալեքսանդր Զաքարյանը, Վահան Արծրունին, «Միրայֆ» խումբը, «Armenian Navy Band»-ը և Արտո Թունջբոյաջյանը, ավազի վրա նկարող Արթուր Կիրիլովը:
Ռուսաստանյան հայտնի դերասաններ Դինա Կորզունի և Չուլպան Խամատովայի կողմից 2006 թվականին ստեղծված հիմնադրամը «Նվիրիր կյանք» համերգների միջոցով կազմակերպում է միջոցների հավաքագրում` հօգուտ քաղցկեղով հիվանդ երեխաների: Հիմնադրամի օգնությամբ այսօր Ռուսաստանում բուժվում է նման ախտորոշում ստացած երեխաների 60 %- ը, այն դեպքում, որ Եվրոպայում և Ամերիկայում այսօր արդեն 80-90 % է բուժվում:
Նշենք, որ Հայաստանում 1 միլիոն մանկական բնակչությանը բաժին է ընկնում քաղցկեղով հիվանդ 100 երեխա: Հիվանդության դեպքերի 70 %-ը հնարավոր է բուժել, 30 %-ը` ավաղ, ոչ: Վերջին տարվա ընթացքում հիմնադրամը օգնել է 25 հայ երեխաների:
Մանկական քաղցկեղի բուժումը շատ ծախս է պահանջում: Ոսկրածուծի անհրաժեշտ փոխպատվաստման ծախսը կարող է 15-ից 150 հազար դոլարի հասնել: Միևնույն ժամանակ Հայաստանում կան մասնագիտացած բժիշկներ, որոնց հարկավոր է ապահովել ժամանակակից դեղորայքով, դոնորական արյունով, ինչպես նաև` բուժանձնակազմով և կամավորներով: