07/12/2009 12:23
Թամաշ Այանը շնորհակալություն է հայտնել Փաշիկ Ալավերդյանին
Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունն սպասարկած մրցավարների թվում էր նաև անվանի մասնագետ, մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գլխավոր մասնագետ Փաշիկ Ալավերդյանը: Նա գերազանց է կատարել իր աշխատանքը, որն աննկատ չի մնացել միջազգային ֆեդերացիայում: Այդ մասին է վկայում ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից ստացված հեռագիրը:
«Հարգելի գործընկեր, կարծում եմ` կհամաձայնեք, որ վերջերս Գոյանգում տեղի ունեցած աշխարհի առաջնությունն անցավ բացառիկ հաջողությամբ: Այդ գործում մեծ է կազմակերպիչների և տեխնիկական պաշտոնյաների ` մրցավարների դերը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` ծավալած աշխատանքի համար, որը կատարեցիք մեծ պատասխանատվությամբ և պրոֆեսիոնալիզմով:
Շնորհակալություն մասնակցության և հմուտ մրցավարության համար»,- նշված է IWF-ի նախագահ Թամաշ Այանի հեռագրում, որը հրապարակել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: