08/12/2009 10:05
Օբաման և Էրդողանը խոսել են հայ-թուրքական հարաբերություններից
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է առաջ ընթանալու իր ցանկության մասին` ամրապնդելով երկու երկրների միջև համագործակցությունը:
Ինչպես հայնտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը, կողմերն անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Ես ողջունել եմ վարչապետին` համարձակ քայլերի համար, որոնք ձեռնարկվել են թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացում, և կոչ եմ արել շարունակել ընթանալ այդ ուղիով», - հայտարարել է Բարաք Օբաման:
ԱՄՆ նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-Թուրքիա համագործակցությանը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությանը` Աֆղանստանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
Բարաք Օբաման բարձր է գնահատել Թուրքիայի դերը` Աֆղանստանում ԱՄՆ ջանքերին սատարելու հարցում: Նա նաև ցանկություն է հայտնել, որ Թուրքիան աջակցի նույպես Իրանի միջուկային խնդրի կարգավորման հարցում: