08/12/2009 10:26
Երևանի մետրոպոլիտեն. Բանակցությունները սառեցված են
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման և զարգացման համար հատկացվելիք գումարների շուրջ բանակցությունները Ասիական զարգացման բանկի միջև սառեցված են:
Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ի հետ բանակցությունների արդյունքում մետրոպոլիտենին պետք է տրամադրվեր 15 մլն եվրո վարկ, որից 5 մլն եվրոն դրամաշնորհ էր լինելու: Պայմանագիրը նախատեսվում էր ստորագրել դեռս 2009 թ. աշնանը: ԱԶԲ-ի հետ բանակցությունների արդյունքներով պետք է հստակեցվեր դեպի Աջափնյակ համայնք մետրոպոլիտենի երկու նոր կայարանների կառուցման և Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում՝ դեպի «Երիտասարդական» կայարան նոր ստորգետնյա անցում կառուցելու համար հատկացվելիք գումարի չափը: Շինարարական աշխատանքները ակնկալվում էր սկսել 2010 թ.:
Ինչպես Aysor-ին հայտնեց «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ մամուլի խոսնակ Նինել Վարդանյանը, այսօրվա վիճակով բանակցությունները դեռևս նախնական փուլում են գտնվում, և «լավագույն դեպքում 2010 թ. հունվարի երկրորդ կեսին կամ փետրվարին» գուցե ստորագրվի վարկի հատկացման պայմանագիրը:
Փաստաթղթի ստորագրման ձգձգումը Ն. Վարդանյանը պայմանավորեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով. «2009 թ. մեկ տարի ետ գցեց մեր ծրագրերը: 2010 թ-ին, ենթադրվում է, որ լավ կլինի»:
Նշենք, որ Երևանի մետրոպոլիտենը շահագործման է հանձնվել 1981 թ. մարտ ամսին: Վերջին կայարանը (Չարբախ) շահագործվում է 1996 թ. սկսած: Այն ներկայումս ունի 12,1 կմ ընդհանուր երկարության գիծ, 10 կայարան և շահագործվում է 30 վագոն (նախկինում 70 վագոն):