11/12/2009 13:46
Երևանում ընթանում է հայ-լատվիական գործարար համաժողովը
Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի Հայաստան կատարած եռօրյա պետական այցի շրջանակներում Զարգացման հայկական գործակալության և Լատվիայի Ներդրումների և Զարգացման Գործակալությունը Երևանում համատեղ կազմակերպել են Հայաստան-Լատվիա գործարար համաժողովը, որին մասնակցում են Լատվիայից ժամանած շուրջ 60 տարբեր ոլորտների գործարարներ:
Համաժողովի բացմանը մասնակցեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը, երկու երկրների էկոնոմիկայի նախարարները:
Հայ-լատվիական բիզնես ֆորումին ներկա են շինարարության, փայտամշակման, էներգետիկայի, մետաղագործության և մեքենաշինության, տրանսպորտի և լոգիստիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության, կրթության, ֆինանսների և խորհրդատվության, տեքստիլի, սննդի արդյունաբերության, դեղագործության, տուրզիմի և այլ ոլորտների ներկայացուցիչները:
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2008 թվականին կազմել է 11, 232 մլն ԱՄՆ դոլար, որից` արտահանումը` 1,170 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը` 10,113 մլն: 2004-2008 թվականների ապրանքաշրջանառությունը կազմել է 19,433 մլն դոլար: Անցած տարի հիմնական արտահանվող ապրանքներ են եղել խմիչքը, քացախը, օպտիկական, լուսանկարչական պարագաները, չափման-ստուգման միավորները, կինեմատոգրաֆիան, իսկ ներմուծվող` երկաթգծի լոկոմոտիվներ, մսամթերք և ձկնամթերք:
Ողջույնի խոսքով համաժողովի մասնակիցներին դիմեցին երկու երկրների նախագահները, էկոնոմիկայի նախարարները: Այս պահին համաժողովը շարունակվում է ոչ պաշտոնական կազմով: