11/12/2009 12:16
Ոստիկանություն. Ամանորի նախաշեմին ավելանում են գողության դեպքերը
Հայաստանի Ոստիկանությունը Ամանորի նախաշեմին քաղաքացիներին կոչ է անում լինել զգոն և ուշադիր, քանի որ ինչպես ցույց է տվել փորձը հենց այս ժամանակահատվածում են ավելանում գողության դեպքերը:
«Բնակարաններն ու օժանդակ կառույցները ապահովեք անվտանգության համակարգերով: Ուշադիր եղեք շրջակայքում կասկածելի անձանց հայտնվելու պարագայում և անհրաժեշտության դեպքում մի հապաղեք դիմել ոստիկանություն: Փորձը ցույց է տալիս, որ հատկապես նախամանորյա ժամանակահատվածում ակտիվանում են գողության, մասնավորապես` անասնագողության դեպքերը»,-ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
ՀՀ ոստիկանությունը նաև համայնքների ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս ձեռնարկել բոլոր հնարավոր կանխարգելիչ միջոցառումները, համայնքների ղեկավարներին` համապատասխան փաստաթղթերով պարտադիր վավերացնել վաճառքի հանվող մսամթերքի օրինականությունը, վաճառակետերի պատասխանատուներին` կասկածելի ծագումով մթերք ստանալու դեպքում անհապաղ իրազեկել իրավապահ մարմիններին: