11/12/2009 14:37
Ս.Սարգսյան. «Ավանդույթները հնարավոր է և պետք է վերականգնել»
Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի պատվիակության հետ Հայաստան ժամանած լատվիացի գործարարների մեծ քանակը վկայում է, որ երկու երկրներում առկա է ոչ միան քաղաքական, այլ նաև տնտեսական փոխշահավետ համագործակցության ցանկություն: Այդ մասին այսօր Հայաստան-Լատվիա գործարար համաժողովի բացմանը հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Եղջունելով համաժողովի մանակիցներին` երկրի ղեկավարը նշեց, որ երկու օրվա ընթացքում ստորագրվել են տնտեսական համագործակցությունը խթանող մի շարք համաձայնագրեր, տեղի են ունեցել համագործակցության հնարավորությունների վերաբերյալ արդյունավետ քննարկումներ:
«Չնայաց գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքով տեղի է ունեցել ապրանքաշրջանառության տեմպերի որոշակի կրճատում, այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ կան բոլոր հնարավորությունները հետագա աճի համար»,- նշեց նախագահ Սարգսյանը, հավելելով, որ Հայաստանի և Լատվիայի միջև ապրանքաշրջանառության տեմպերն ու ծավալն այնպիսին են, որ 2-3 երկարատև գործարար պայմանագիր կարող են էական ազդեցություն ունենալ երկու երկրների համար:
Երկրի ղեկավարը կարևորեց համաժողովի անցկացումը ոչ միայն գործարար շրջանակների, այլ նաև երկու երկրների տնտեսությունների համար, նշելով, որ գործարար ակտիվ շփումները կարող են մեղմացնել ճգնաժամի ազդեցությունները:
Անդրադառնալով ԵՄ «Արևելյան գործընկերության» շրջանակներում Հայաստան-Լատվիա տնտեսական համագործակցությանը` Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի արտահանման ծավալների կեսը և ներմուծման մեկ երրորդը բաժին են ընկնում ԵՄ երկրներին: Նախագահը հիշեցրեց, որ Հայաստանը և Լատվիան ավանդաբար համագործակցում էին նաև զբոսաշրջիկության ոլորտում:
«Ես վստահ եմ, որ այդ ավանդույթները հնարավոր է և պետք է վերականգնել»,- նշեց երկրի ղեկավարը, հավելելով, որ այդ խնդրի լուծմանն է միտված երեկ ավիացիայի ոլորտում ստորագրված միջկառավարական համաձայնագիրը:
Նախագահը կարևորեց նաև երկու երկրների միջև ներդրումային համագործակցության հնարավորությունը:
«Մեզ մոտ գործնականում արտասահմանյան ներդրողների մասնակցության ոչ մի սահմանափակում չկա: Ոչ մի ներդրող դուրս չի եկել Հայաստանից»,- շեշտեց ՀՀ նախագահը` նշելով հայ-լատվիական համատեղ մի քանի ձեռնարկությունների արդյունավետ գործունեության մասին:
«Մենք բարձր պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր գործընկերներին»,-եզրափակեց ՀՀ նախագահը` մաղթելով Համաժողովին արգասաբեր աշխատանք: