11/12/2009 15:21
Վ.Զատլերս. Լատվիան պատրաստ է օգնել Հայաստանին
Լատվիան պատրաստ է տրամադրել իր նավահանգստներն ու հաղորդակցության ուղիները` հայկական ապրանքները դեպի Արևմուտք արտահանելու համար: Այս մասին այսօր Հայաստան- Լատվիա գործարար համաժողովի բացմանը հայտարարեց Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը:
Ողջունելով հայ-լատվիական բիզնես ֆորումի մեկնարկը` Զատլերսը կարևորեց երկու երկրների գործարարների ակտիվ համագործակցությունը տնտեսության տարբեր ոլորտներում:
«Ես Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության մեծ ներուժ եմ տեսնում»,- ասաց Լատվիայի ղեկավարը և հույս հայտնեց, որ երկու երկրների կառավարությունները կստեղծեն բոլոր անհրաժեշտ պայմանները` տնտեսական ոլորտում երկկողմ փոխշահավետ համագործակցության համար:
«Անհրաժեշտ իրավա-փաստաթղթային բազայի ստեղծումը մեծ խթան է երկու երկրների տնտեսական համագործակցության համար: Համոզված եմ, որ նոր խթան կլինի նաև երեկ ստորագրված միջկառավարական համաձայնագրերը»,- նշեց նա, հավելելով, որ ներկայում արդյունավետ գործում են մի շարք հայ-լատվիական համատեղ ձեռնարկություններ:
«Ես նաև ուրախ եմ, որ Հայաստանի սպառողները բարձր են գնահատում լատվիական դեղագործական և սննդի արտադրանքը: Իմ կարծիքով, այս ոլորտներում առկա է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մեծացման մեծ ներուժ», - ասաց Վալդիս Զատլերսը, հավելելով, որ Հայաստանում նոր գործընկերներ ձեռքբերելու ցանկություն ունեն նաև լատվիական շինարարական կազմակերպությունները:
Ըստ Լատվիայի նախագահի, լատվիական գործարարները կարող են օգնել հայկական գործընկերներին շահավետ գործարքներ կնքել նաև արևմտաեվրոպական գործարարների հետ:
«Մնում է գտնել միայն փոխշահավետ համագործակցության եզրերը», - ասաց նա, նշելով, որ Լատվիան պատրաստ է օգնել Հայաստանին ինտեգրվել եվրոպական շուկային` փոխանցելով նաև եվրաինտեգրման իր փորձը: