17/12/2009 09:51
Հայաստանի ՓՀԷԿ-եր. աճի միտումները մարում են
2010 թ. հունվարի 1-ին Հայաստանի Հանրապետությունում կգործեն 81 փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնց գումարային հզորությունը կկազմի մոտ 101 Մվտ և տարեկան կարտադրեն մոտ 357 մլն Կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Միևնույն ժամանակ կառուցման փուլում կգտնվեն 71 ՓՀԷԿ-եր, որոնց ընդհանուր հզորությունը կկազմի 161 Մվտ և տարեկան կկարողանան արտադրել 572 մլն Կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Գումարային առումով կունենանք մոտ 152 ՓՀԷԿ-եր, որոնց հզորությունը կկազմի շուրջ 262 Մվտ և կկարողանան արտադրել 930 մլն Կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Այս տվյալներն Aysor-ի հետ զրույցում հաղորդեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներդրումների բաժնի պետ Աբգար Բուդաղյանը:
«Ոլորտն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է, մշտապես վերլուծություններ ենք անում զարգացման տեմպերն ուսումնասիրելու առումով, որպեսզի նվազման միտում չլինի: 2004 թ-ին գործարկվել են 4, 2005 թ-ին` 5 ՓՀԷԿ, 2006 թ-ին` 11, 2007 թ-ին` 15, 2008 թ-ին` 9, իսկ ընթացիկ տարում` 11 ՓՀԷԿ-եր: Այսինքն, միջինը` տարեկան մոտ 10 ՓՀԷԿ: Դա նշանակում է, որ մենք կարողանում ենք զարգացման տեմպը պահել»,- ասաց Ա. Բուդաղյանը:
Այս տարի տրամադրվելու են կառուցման 13 նոր լիցենզիաներ: Ա. Բուդաղյանի խոսքով, ՓՀԷԿ-երի կառուցման լիցենզիաների քանակը, համեմատած նախորդ տարիների, մի քիչ նվազել է, որովհետև հիդրոպոտենցիալն է համեմատաբար պակասել: Սակայն, ըստ ներդրումների բաժնի պետի, այս ոլորտի զարգացման հիմնական երաշխիքը ՓՀԷԿ-երից ձեռք բերվող էլեկտրաէներգիայի արժեքն է, որովհետև մնացած բոլոր տիպի երաշխիքներն այսօր առկա են` բոլորի համար գործում է պարտադիր գնման 15 տարվա երաշխիքը, վճարումների համակարգը խիստ կայուն է. «Դաշտի խթանումը կախված է հիմնականում սակագնային մեծություններից, իսկ դատելով արտադրության լիցենզիա ստացող ընկերությունների քանակից, այսօր սակագին բարձրացնելու խիստ էական խնդիր դեռևս չկա»:
Ա. Բուդաղյանը վստահեցրեց, որ ՓՀԷԿ-երի կառուցման տեմպերի նվազումն ազդակ կհանդիսանա, որպեսզի էլեկտրաէներգիայի գնման սակագները ևս մեկ անգամ փոփոխվեն. «Այս պահի դրությամբ դրա կարիքը դեռ չկա»:
«Հիդրոէներգետիկա» ՍՊԸ նախագահ Գրիքոր Գաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՓՀԷԿ-երի կառուցման մինչ այս արձանագրված աճի միտումները ներկայումս մարում են, և եթե նոր խթան չլինի, ապա ոլորտը կսկսի անկում ապրել:
«Լավ տեղերը վերջացան, թույլտվության գները թանկացան: Եթե օրենսդրական փոփոխություն չլինի, ապա մենք կարող ենք անկում ունենալ, որովհետև մինչև հիմա կառուցել են ցածրորակ սարքավորումներով, և եղած ՓՀԷԿ-երը կսպառեն իրենց ու ֆիզիկապես կմաշվեն»,- կարծում է Գ. Գաբայանը:
Նրա մեկնաբանմամբ, վարկերի վերադարձման խնդիր կա` թանկարժեք ագրեգատ դնելու դեպքում, գործարարն այսօր գործող սակագների պայմաններում չի կարող ապահովել վարկի մարումը և պետք է սակագնի վերանայման հարց դրվի: Գ. Գաբայանն առաջ քաշեց մի կարևոր հարց ևս. ցածրորակ սարքավորումներով ՓՀԷԿ-երի կառուցման դեպքում տուժում են և գործարարը, և պետությունը, քանի որ առավելագույնս արդյունավետորեն չի օգտագործվում գետի ներուժը:
Նա տեղեկացրեց, որ հիմա ՀԷՑ-ը ՓՀԷԿ-երից էլեկտրաէներգիան ընդունում է միջինը 4.67 դոլար սակագնով:
«Հայաստանում մեծ խնդիր է, որ ունենք 1 օպերատոր և սակագնի բարձրացումը մեծապես կախված է օպերատորի վերաբերմունքից: Խնդրի վրա երկու կողմից ճնշում կա` օպերատորի ետևում ազգն է, մյուս կողմից` բիզնեսմեններն են և ոլորտի զարգացումը»,- նշեց Գ. Գաբայանը:
Ընկերության տնօրենը հայտնեց, որ ներկայումս փոփոխությունների փաթեթ են նախապատրաստում, որը քննարկման կդրվի 2010 թ. մարտին:
«Աշխարհում հազարավոր մեխանիզմներ կան վերականգնվող էներգետիկայի զարգացման համար` հարկերի նվազեցում կամ ազատում որոշ հարկերից, թույլտվության ստացման 1 պատուհանի մեխանիզմ, «կանաչ լիցենզիայի» մեխանիզմ և այլն, որոնք լայնորեն կիրառվում են եվրոպական շատ երկրներում»,- նկատեց Գ. Գաբայանը:
Գայանե Խաչատրյան