18/12/2009 13:26
Ադրբեջանի շուկաներում հայկական ապրանքներ են վաճառվում
Բաքվի նորակառույց «Բինա» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում գտնվող կանացի հագուստի սրահում բոլոր ապրանքները հայկական «Արցախ» ընկերության արտադրանքն են, հայտնել է ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթը:
Թերթի հետ զրույցում Ադրբեջանի «Անկախ սպառողների միության» նախագահ Էյուբ Հուսեյնովը հայտնել է, որ եթե նախկինում Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության սպառողական շուկայի վերահսկման գծով պետական ծառայությունը հայտնաբերել և շուկայից հանել էր հայկական հանքային ջրերի, ծխախոտների և սուրճի ապրանքատեսակների շրջանառությունը, ապա այսօր, անհայտ պատճառներով, այդ ծառայությունը չի վերահսկում շուկան:
«Ադրբեջան Հայաստանից անօրինական ճանապարհով միայն հագուստ չի ներկրվում: Ադրբեջանի շուկաներում կարող եք հանդիպել Հայաստանում փաթեթավորված սուրճի տեսակներ, գինիներ և այլ ապրանքներ: Հայկական ապրանքների վաճառքն Ադրբեջանում կարծես բնական է դարձել»,- «Բիզիմ յոլին» ասել է Ադրբեջանի «Անկախ սպառողների միության» նախագահը: